Տելեգրամյան օգտատիրոջն օժանդակում էր թմրամիջոց իրացնել. Արաբկիրի ոստիկանների բացահայտումը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

․

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Էջմիածին քաղաքի 28-ամյա մի բնակիչ զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ։

Դեկտեմբերի լույս 25-ի գիշերը, ժամը 2.30-ի սահմաններում, քրեական հետախույզները Մամիկոնյանց փողոցից կասկածվողին բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին։ Ավելի ուշ պարզվել է, որ 28-ամյա տղամարդը տելեգրամյան օգտատերերից մեկին, գումարի դիմաց, օժանդակում է թմրամիջոց իրացնել:

Նա տվել է ոչ միայն խոստովանական բացատրություն, այլև Արամ Խաչատրյան 1-ին նրբանցքից ներկայացրել է 20 փաթեթ՝ սպիտակապտավուն փոշենման զանգվածով, որն, ըստ նրա, «PVP» տեսակի թմրամիջոց է, ինչը պետք է տեղադրեր Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում:

Նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն: Հանգամանքները քննությամբ պարզվում են։

--00--ԱՀ