3-4 հոգով ներխուժել են տուն․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Գյումրու նախկին քաղաքապետի որդու քրգործից

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

8

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Գյումրի քաղաքի 38-ամյա բնակչի կողմից ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:



Քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև Ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները:



Մասնավորապես՝ Գյումրի քաղաքի բնակչուհին դիմում էր ներկայացրել այն մասին, որ 2021թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 23:00-23:15-ի սահմաններում, համաքաղաքացին երեք-չորս տղամարդկանց հետ մտել է իր տան բակ՝ թոռան հետ պարզաբանումներ կատարելու նպատակով։



Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բնակչուհու կողմից մատնանշված անձը հանդիսանում է Գյումրի քաղաքի բնակիչ՝ ծնված 1983թ.:



ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության աշխատակիցներն այցելել են վերջինիս բնակության վայր՝ քաղաքացու դիմումում մատնանշված հանգամանքներն ստուգելու նպատակով, սակայն տղամարդը նախ հրաժարվել է տան դուռը բացել, այնուհետև զանգահարել է իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետին, սպառնացել բռնություն գործադրել նրա նկատմամբ` կապված վերջինիս կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ:



Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գյումրի քաղաքի 38-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:



Նախաքննություն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:

--00—ԼՄ