Թուրքական ներկայիս իշխանությունները չեն կարող անտեսել թուրքական դատարանների դատավճիռները

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 12,  24 News

Դանիելյան

Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Թուրքիան Հայաստանի հետ փոխհարաբերության նախադրյալներից մեկը համարել և համարում է Հայոց ցեղասպանության ժխտումը:

Իրենց պաշտոնական դիրքորոշմամբ՝ «ցեղասպանություն» տերմինը չի կարող օգտագործվել, քանի որ «ցավալի իրադարձությունները եղել են 1948 թվականից առաջ»: Ընդ որում, հենց այս օրերին դատախազը միջնորդել է արդարադատության նախարարին, որպեսզի հետաքննություն իրականացվի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության (HDP) կենտրոնական գործադիր խորհրդի 26 անդամի նկատմամբ՝ «Հայոց ցեղասպանություն տերմինն օգտագործելու համար»։ Դարձյալ գործի է դրվում տխրահռչակ 301-րդ հոդվածը, որը պատասխանատվություն է սահմանում «թուրքական պետությանը վիրավորելու համար»:

Մի կողմ թողնենք խնդրին առնչվող Հայաստանի Սահմանադրությունն ու Սահմանադրական դատարանի որոշումները, Թուրքիայի ներկայիս իշխանությունները չեն կարող, իրավասու չեն անտեսելու սեփական դատական ատյանների 1919-21 թթ. մի քանի տասնյակի հասնող դատավճիռները, որոնց մի մասով ներկայումս «ցավալի իրադարձություններ» կոչված դեպքերը բոլորովին այլ կերպ են որակվել. «Էթնիկական դրդապատճառներով հայ ազգի ներկայացուցիչներին կենտրոնական պետական և կուսակցական վերնախավի կողմից կազմակերպված զանգվածային բնաջնջում, այդ թվում՝ բռնի տեղահանումների միջոցով»։

Այդ դատավճիռներն արձակած դատավորները հետագայում՝ 30-ականների սկզբներին կախաղան են բարձրացվել, բայց դատական ակտերը մնացել են ուժի մեջ: Դատական ակտերով շատերը անգամ մահապատժի են դատապարտվել: Ընդ որում, Սողոմոն Թեհլերյանին առավելապես արդարացրել են այն հիմքով, որ վերջինս կյանքից զրկել է արդեն իսկ մահապատժի դատապարտված էթնիկական դրդապատճառներով հայության դեմ ոճրագործություն կատարելու կազմակերպիչներից մեկին՝ թալեաթին: Այլ հարց, որ այդ սրիկան Գերմանիայում օժտվել է կեղծ փաստաթղթերով ազատ տեղաշարժի իրավունքով:

Հայոց Եղեռնը էությամբ ճշգրիտ համապատասխանում է ցեղասպանության հանցակազմին, իսկ այդ արարքը հանցագործություն է որակվել դեռևս 20-րդ դարի սկզբներին գործող միջազգային իրավունքի աղբյուրներով, իսկ այն, որ դրան հետագայում ստույգ անվանում է վերապահվել՝ ցեղասպանություն, բնավ չի նշանակում, որ մինչ այդ տեղի ունեցած նմանաբնույթ ոճրագործությունները սոսկ «ցավալի իրադարձություններ» են եղել:
 

Հ.Գ. թուրքական ներկայիս իշխանությունները չեն կարող անտեսել թուրքական դատարանների դատավճիռները …»։

--00—ՄՀ