Թուրքիան հույս ուներ՝ Ղազախստանում իշխանության կգան իր ազդեցության տակ գտնվող ծայրահեղականները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

նկար

Հունվարի 1-ին Ղազախստանում սկսված բողոքի ակցիաների և ստեղծված իրավիճակի վերաբերյալ 24News-ը զրուցել է Ղազախստանում բնակվող հայ քաղաքագետ, «Օրբելի» վերլուծական կենտրոնի նախկին փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանի հետ։

- Պարո՛ն Հովհաննիսյան, ներկայումս ինչպիսի՞ իրավիճակ է Ղազախստանում, տեղի իշխանություններին հաջողվե՞լ է դադարեցնել բողոքի ակցիաները, կայունություն մտցնել երկրում։ Տոկաևը հայտարարել էր ՀԱՊԿ-ի ուժերը դուրս բերելու գործընթացը սկսելու մասին։

- Ներկայումս Ղազախստանում իրավիճակը աստիճանաբար կայունանում է։ Հաշվի առնելով, որ հունվարի 6-ից բողոքի ակցիաներին հիմնականում մասնակցում էին հանցագործ ու ծայրահեղական տարրերը, որոնց մի մասը զբաղված էր խանութների թալանով, իսկ մյուսը՝ պետական հեղաշրջման փորձ էր իրականացնում, ղազախական հասարակության ճնշող մեծամասնությունը չաջակցեց, ինչը հնարավորություն տվեց Ղազախստանի ներկա իշխանություններին արագորեն ճնշել բողոքի ակցիաները, որոնք գնալով վերածվում էին քաոսի։

Հարկ է նշել, որ Ղազախստանի ներքաղաքական իրադարձությունների կարգավորման գործում առանձնահատուկ դեր է ունեցել ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբը, այդ թվում՝ հայկական զորքը։ ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբը, որը զբաղվում էր Ղազախստանում ռազմավարական օբյեկտների անվտանգության ապահովմամբ, Ղազախստանի իշխանություններին հնարավորություն տվեց ողջ ռեսուրսները կենտրոնացնել «ցուցարարներին»՝ հանցավոր միջավայրի ներկայացուցիչներին ու ծայրահեղականներին, ճնշելու վրա։ 

- Ըստ Ձեզ՝ ո՞վ էր կանգնած Ղազախստանում ցույցերի, անկարգությունների կազմակերպման հետևում։ Տեսակետներ կան, որ դրանց հետևում կանգնած են Արևմուտքը, Թուրքիան։ Թյուրքական աշխարհին ի՞նչ տվեցին ղազախստանյան իրադարձությունները։ Չինաստանը և Իրանն ինչպե՞ս էին դիրքավորվել այս իրադարձությունների ֆոնին։

- Այս պահին դժվար է հստակ ասել, թե ով է հրահրել Ղազախստանի բողոքի ցույցերը։ Ակնհայտ է, որ սոցիալական բունտը և ցուցարարների՝ գազի գնի իջեցման արդարացի պահանջներն ընդհատվեցին շահագրգիռ ներքին ու արտաքին ուժերի կողմից և տեղափոխվեցին քաղաքական դաշտ։ Սակայն հարցը քաղաքական դաշտ փոխանցելուց հետո կոնկրետ պահանջներ ու առաջնորդներ այդպես էլ չհայտնվեցին, ինչը հանգեցրեց նրան, որ ստեղծված իրավիճակից օգտվեցին քրեական միջավայրի ներկայացուցիչներն ու ծայրահեղականները։ Որոշ ծայրահեղականներ անմիջական առնչություն ունեն Թուրքիայում գրանցված ազգայնական և իսլամիստական կազմակերպությունների հետ։ Օրինակ՝ Արման Ջումագալիևը և նրա կողմից ղեկավարվող խումբը, որը Ղազախստանում հայտնի է իր ծայրահեղ պանթյուրքիստական հայացքներով։ Ի դեպ, եթե Թուրքիան առաջին օրերին որդեգրեց սպասողական, չեզոք դիրք՝ հույս ունենալով, որ Ղազախստանում պետական հեղաշրջման արդյունքում իշխանության կգան Թուրքիայի ազդեցության տակ գտնվող ծայրահեղականները, ապա Իրանն ու Չինաստանը բողոքի ակցիանների առաջին իսկ օրերից աջակցեցին Ղազախստանի ներկա իշխանություններին։

Ակնհայտ է, որ վերջին իրադարձություններից հետո Ղազախստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները ավելի ամրացան, բայց դա չի նշանակում, որ Ղազախստանը կդադարի լինել թյուրքական աշխարհի առանցքային մաս։ Ղազախստանը շարունակելու է զարգացնել իր սերտ քաղաքական և տնտեսական հարաբերությունները թյուրքալեզու պետությունների, այդ թվում՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ։

- Ի՞նչ է սպասվում միջինասիական տարածաշրջանին։ Ղազախստանում անկայուն իրադրությունն ի՞նչ ազդեցություն ունեցավ ու կունենա հարավկովկասյան տարածաշրջանի վրա։

- Դժվար է ասել, թե ինչ կարող էր լիներ Ղազախստանում, եթե իշխանությունները չդիմեին ՀԱՊԿ խաղաղապահների օգնությանը, բայց ակնհայտ է, որ այդ քաոսը կտարածվեր հարևան պետությունների, այդ թվում՝ Ռուսաստանի և Չինաստանի վրա, որոնց սահմանամերձ շրջաններում պատմականորեն բնակվում են մեծ թվով ղազախներ։

Իրականում Կենտրոնական Ասիայի երկրներում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ, որոնք առաջիկա տարիներին միանշանակ նոր բողոքի ակցիաներ կառաջացնեն ոչ միայն Ղազախստանում, այլև տարածաշրջանի այլ պետություններում։ Ակնհայտ է, որ ներքաղաքական ցնցումների ֆոնին արտաքին ուժերը փորձելու են իշխանության բերել իրենց ազդեցության տակ գտնվող քաղաքական գործիչների, հետևաբար Կենտրոնական Ասիայի երկրների ներկայիս իշխանությունները պետք է հիմիկվանից նախաձեռնեն և իրականացնեն քաղաքական ու տնտեսական բարեփոխումներ, որոնք կբարելավեն տեղի բնակիչների կենսամակարդակն ու կապահովեն անվտանգությունը։

Սերգեյ Առաքելյան

--00—ԼՄ