Երևանը սոցիալական պաշտպանության նոր համակարգ կունենա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

․

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը երեք նոր տեղակալ ունի: Այսօր կայացած 8-րդ նստաշրջանի անդրանիկ նիստում ավագանին հավանություն է տվել որոշման նախագծերին: Քվեարկությամբ Երևանի փոխքաղաքապետեր են նշանակվել Գևորգ Սիմոնյանը, ով համակարգելու է առողջապահության և սպորտի ոլորտները, Սուրեն Գրիգորյանը, որը համակարգելու է առևտրի և գովազդի ոլորտները և Ստեփան Մաչյանը, ում վերապահված է քաղաքաշինական ոլորտի համակարգումը:

Շնորհավորելով Երևանի թիմը համալրած փոխքաղաքապետերին՝ Հրաչյա Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ աշխատանքով հնարավորություն կլինի կյանքի կոչել բոլոր այն ծրագրերն ու նախագծերը, որոնք միտված են Երևանի զարգացմանն ու քաղաքի արդյունավետ կառավարմանը:

«Շատ լավ, բովանդակային թիմ է ձևավորվում, քանի որ, եթե կարմիր գծով նայում ենք, իմ բոլոր տեղակալները և՛ մասնավոր, և՛ պետական, հանրային հատվածում փորձ ունեն, որը, կարծում եմ, մեզ ավելի ուժեղ է դարձնելու: Շատ դեպքերում, կորպորատիվ այն մշակույթը, որը եղել է մասնավոր հատվածում, մենք պետք է բերենք այստեղ, որպեսզի կարողանանք ավելի առողջ մթնոլորտ ունենալ ու արդյունքներին շատ ավելի արագորեն հասնել: Մեր թիմը հաջողված է լինելու և այն արդյունքները, որ մենք ցանկանում ենք ունենալ, վստահ եմ կունենանք»,- նշել է Հրաչյա Սարգսյանը:

Երևանը սոցիալական պաշտպանության նոր համակարգ կունենա: Ավագանու նիստի ընթացքում ներկայացվել է նոր համակարգի ավարտական փուլի նախագիծը, որն արժանացել է ավագանու հավանությանը: Նոր համակարգով Երևանի վարչական շրջաններում կստեղծվեն երեխաների սոցիալական պաշտպանության բաժիններ: Դրանք բաղկացած կլինեն սոցիալական աշխատողներից և հոգեբաններից։ Փոփոխությունը կհանգեցնի համայնքային սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացմանն ու սոցիալական նոր ծրագրերի արդյունավետ իրականացմանը։

«Երևանի քաղաքապետարանի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունն իմ անմիջական համակարգման ներքո է եղել, մենք այստեղ բարեփոխումները սկսեցինք պարզ տրամաբանությամբ. աշխատակիցը գալիս է առավոտյան 09:00-ից աշխատանքի և մինչև 18:00-ն ի՞նչ է անում, այդ հարցի պատասխանը ես այդպես էլ չստացա: Միջազգային մեր գործընկերների աջակցությամբ մենք մի շարք վերլուծություններ իրականացրեցինք, ընդհանուր տեսլական ձևավորեցինք, որի շրջանակում էլ քայլ առ քայլ գնացինք առաջ: Ակնկալվում էր, որ այս բարեփոխումները կվերջացնենք 2020թ., բայց հայտնի պատճառներով դրանք չեղան, և մենք այդ փոփոխություններն այսօր ենք ներկայացնում ձեր դատին: Կարծում եմ, երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը մեր հաջող ներդրած համակարգերից մեկն է և մոտակա երկու տարիներն արդեն կայացման տարիներ կլինեն»,- նշել է քաղաքապետ Սարգսյանն ու հավելել, որ մայրաքաղաքի կառավարման ոլորտում լուրջ փոփոխություններ են նախատեսվում, որոնց շրջանակում առանձնակի է կարևորվում աշխատակիցների վերապատրաստումը:

«Վերապատրաստման համար մենք պետք է միջոցներ չխնայենք, քանի որ մարդն է ստեղծում այն արժեքը, որն իր ետևից ստեղծում է նոր արժեքներ: Մարդկային կապիտալի զարգացման համար մենք պետք է միջոցներ ծախսենք, որպեսզի արդյունք ունենանք»:

Ավագանու որոշմամբ Երևանն Արցախի Հանրապետության երաժշտական և գեղարվեստի դպրոցներին 14 անուն 51 երաժշտական գործիք կնվիրաբերի: Գույքն էականորեն կբարելավի կրթադաստիարակչական գործընթացի որակը՝ մշակութային 11 օջախներում բարենպաստ պայմաններ ապահովելով շուրջ 2500 սաների համար:

Երևանում կտեղադրվեն անվանի կոմպոզիտոր, ժողովրդական արտիստ Ալեքսանդր Աճեմյանի, աշխարհահռչակ օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Արաքս Դավթյանի, անվանի արձակագիր, գրող, հրապարակախոս, թարգմանիչ Էդուարդ Ավագյանի և վիրաբույժ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, դոկտոր, պրոֆեսոր Իվան Գևորգյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ: Ավագանին հավանություն է տվել որոշման նախագծին:

Ավագանու մեկ այլ որոշմամբ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Հրաչյա Ներսիսյան փողոցից դեպի Ավետիս Ահարոնյան փողոց ձգվող ճանապարհահատվածն այսուհետ կկրի գրականագետ, դերասան և ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի դոցենտ Լևոն Ներսիսյանի անունը:

Երևանի հ.171 հիմնական դպրոցն այսուհետ կկրի հայ շախմատիստ, միջազգային գրոսմայստեր, համաշխարհային շախմատային օլիմպիադայի չեմպիոն Կարեն Ասրյանի անունը: Կրթօջախն անվանակոչելու որոշման նախագիծը ևս արժանացավ ավագանու հավանությանը: Կարեն Ասրյանն, ի դեպ, տվյալ դպրոցի շրջանավարտն է եղել:

--00--ԱՀ