Ներդրվել է ճանապարհային ցանցի կառավարման նոր համակարգ, այն կկիրառվի ամբողջ ծավալով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

գյ-1

Ճանապարհային դեպարտամենտիի ճանապարհների պահպանման և շահագործման մոնիթորինգի կազմակերպումն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով ներդրվել է ճանապարհային ցանցի կառավարման համակարգը։ Այն թվային հարթակ է, որի միջոցով կատարվում է նաեւ ճանապարհների սպասարկման առցանց մոնիթորինգ։ Այս մասին տեղեկացնում է դեպարտամենտը։

Էլեկտրոնային այս գործիքը մշակել է «Լոկատոր» ընկերությունը, որի մասնագետի հետ Ճանապարհային դեպարտամենտում կազմակերպվել էր հանդիպում Ճանապարհների պահպանման ու շահագործման բաժնի աշխատակիցների հետ։ «Լոկատոր» ընկերության ներկայացուցիչը դեպարտամենտի տարածքային սպասարկման ինժեներների հետ քննարկել է կիրառվող ծրագրի մանրամասները, մինչ այժմ օգտագործման ընթացքում ի հայտ եկած դժվարություններն ու խնդիրները, ինչպես նաև պատասխանել է դեպարտամենտի նոր աշխատակիցների՝ ծրագրի գործարկման հետ կապված հարցերին։

Տարածքային ինժեներները ներկայացրել են ծրագրի բարելավմանն առնչվող իրենց առաջարկները։

Մոնիթորինգի թվային հարթակը պիլոտային եղանակով օգտագործվել է նախորդ տարիներին, այս տարի նախատեսված է այն կիրառել ամբողջ ծավալով։

Թվային հարթակի օգնությամբ ինֆորմացիայի հավաքագրումը, մշակումն և պահպանումն արվում է առավել համակարգված, ավելի դյուրին է հաշվետվողականությունը, քիչ ժամանակ է ծախսվում թերություններն արձանագրելու և այդ մասին սպասարկող կազմակերպություններին տեղեկացնելու, ինչպես նաև թերության վերացման վերաբերյալ սպասարկող կազմակերպություններից տեղեկություն ստանալու վրա։

--00—ՅՄ