Շիրակի մարզում բացահայտվել են գողության և գողության փորձի մի շարք դեպքեր

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 11,  24 News

քկ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են  գողության, ինչպես նաև՝ գողության փորձի մի շարք դեպքեր:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Գյումրի քաղաքի 31-ամյա բնակիչը, նախնական համաձայնության գալով տվյալ հանցագործության համար ՀՀ քրեական օրենսգրքով պատասխանատվության տարիքի հասած անչափահասներ՝ 16-ամյա և 15-ամյա ծանոթ տղաների հետ և խաբեությամբ նրանց ներգրավելով, 2021թ. օգոստոսի 23-ին (ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ) ապօրինի մուտք են գործել Շիրակի մարզի Գետք համայնքի վարչական տարածքում գտնվող հակակարկտային կայանի շինություններ և հափշտակել խոշոր չափերով՝ ընդհանուր 1.000․000 ՀՀ դրամ արժողության գույք:

Օրեր անց հիշյալ 31-ամյա  տղամարդը և 16-ամյա տղան ապօրինի մուտք են գործել մարզի տարածքում գտնվող մեկ այլ հակակարկտային կայան և հափշտակել են ընդհանուր 500․000 ՀՀ դրամ արժողության գույք:

Այնուհետև, նույն ամսվա ընթացքում, հիշյալ երկու անձինք մուտք գործելով հակակարկտային մեկ այլ կայանի տարածք՝ փորձել են կրկին  հափշտակություն կատարել, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ հայտնաբերվել և բերման են ենթարկվել ոստիկանության բաժին:

Քննությամբ պարզվել է նաև,  որ 2021 թվականի տարբեր օրերի հիշյալ անձինք մուտք են գործել մարզի տարածքում գտնվող այլ հակակարկտային կայան, չգործող ռեստորանների տարածքներ և հափշտակել տարբեր արժողության գույք:

Պարզվել է նաև, որ 31-ամյա տղամարդը ապօրինի ձեռք է բերել և պահել ռազմամթերք հանդիսացող՝ 7,62մմ (7,62x39) տրամաչափի, գործարանային արտադրության 20 հատ մարտական փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են վերջինիս բնակավայրում կատարված խուզարկությամբ:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝  31-ամյա տղամարդուն  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի  1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 165-րդ հոդվածի 1-ին մասով (6 դրվագ) , 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (4 դրվագ),  34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: 16-ամյա տղային մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (4 դրվագ) և 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: 15-ամյա մյուս անչափահասին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

 

--00—ՄՀ