Երևանի քաղաքապետը ծանոթացել է Շենգավիթի մարզադպրոցի հիմնանորոգման ընթացքին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

քաղաքապետարան

Երևանի Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցում համայնքային բյուջեի միջոցներով ընթացքում են հիմնանորոգման աշխատանքները: 1970-ական թվականներին շահագործման հանձնված մարզական օջախը երբևէ չէր հիմնանորոգվել, և այս նախագիծն օրվա պահանջ էր:

Քաղաքապետարանից հայտնում են, որ ծրագրի ընթացքին աշխատանքային այցի ժամանակ հետևել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը:

«2020 թվականին, երբ համավարակի ժամանակ համայնքը սոցիալական տարբեր խմբերին սնունդ պետք է տրամադրեր, մենք տեղ էինք փնտրում, որ կարողանանք տեսակավորել և փաթեթները հավաքել, ընտրվեց այս վայրը: Այցի ժամանակ, երբ շրջում էինք շենքում, տնօրենը նշեց, որ կա նախագիծ, բայց այն այդպես էլ կյանքի չի կոչվել, նախագծի արժեքը բավականին մեծ էր: Որոշում կայացվեց նախագիծը փուլերի բաժանել և յուրաքանչյուր տարի մի հատված վերանորոգել»,- նշել է քաղաքապետը:

«Միանգամից առաջին խոսքը եղավ այն, որ պետք է վերանորոգենք, քանի որ նմանատիպ դպրոցները շատ քիչ են, և հաջորդ տարի ամենասուղ միջոցներից հատկացվեց գումար տանիքի համար, որի վերանորոգումը փրկություն էր այս դպրոցի համար: Իսկ այսօր նոր անակնկալ մատուցեց մեզ քաղաքապետը. մենք պլանավորել էինք մեկ մարզադահլիճ վերանորոգել, պարզվեց, որ երկուսն էլ գումարվեց, ինչի շնորհիվ մեր հիմնական մեծ մարզասրահները կլինեն լիովին վերանորոգված, ինչպես նաև սանհանգույցները և հանդերձարանները»,- ասում է մարզադպրոցի տնօրեն Դավիթ Ֆահրադյանը:

Փուլ առ փուլ կյանքի կոչվող ծրագրի արդյունքները նկատելի են միանգամից: Մարզական օջախի մի հատվածում վերանորոգված, մյուսում՝ իրենց հերթին սպասող մարզասրահներն են: Եվ, որ կարևոր է, բոլոր մարզադահլիճներում էլ ակտիվ պարապմունքներ են՝ անկախ պայմաններից:

Բոլորովին վերջերս հենց այս դպրոցի սաները, ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում անցկացվող «Մեգամիթ 2022» մրցումներում հաջողություններ գրանցելով, նվաճեցին հինգ ոսկե, երեք արծաթե և երեք բրոնզե մեդալ։ Պատանի չեմպիոններն իրենց տպավորություններն են հայտնել Երևանի քաղաքապետին:

«Մենք պետք է մեծ ուշադրություն դարձնենք սպորտին: Ոչ միայն Երևանում, այլև ամբողջ Հայաստանում առողջապահական խնդիրներ կան, և պետք է խրախուսենք սպորտը, որպեսզի ավելի վաղ տարիքից մարդիկ սպորտով զբաղվեն: Նաև դա է պատճառը, որ 2022թ. մենք 12 վարչական շրջաններում նախատեսել ենք մարզական միջավայրերի ստեղծում, որը հնարավորություն կտա մեր համաքաղաքացիներին մարզվել հենց իրենց վարչական շրջաններում:

Մենք սպորտին այսուհետ մեծ ուշադրություն ենք դարձնելու, որպեսզի կարողանանք ունենալ ավելի լավ արդյունքներ: Վերջերս ունեցանք մեդալակիրներ, որոնք մարզվում էին ահավոր վատ պայմաններում, մենք նաև այդ ամեն ինչը պետք է օգտագործենք և քայլեր ձեռնարկենք՝ պայմանները բարելավելու նպատակով, որպեսզի հնարավորինս ավելի շատ մեր հիմնը հնչի Հայաստանից դուրս»,- նշել է Հրաչյա Սարգսյանը:

«Մեր երեխաները մեծ ոգևորության մեջ են, անդադար մարզվում են, և նույնիսկ այս պայմաններում ունենում ենք հաջողություններ՝ գրեթե բոլոր մարզաձևերում: Բոլորը ոգևորված են մարզադպրոցի այս փոփոխություններով, ինչի շնորհիվ երեխաներն ավելի ակտիվ կզբաղվեն սպորտով: Մեկուկեսից երկու տարի հետո կունենանք նմանը չունեցող մարզադպրոց՝ իր մարզահանգրվաններով, մարզասրահներով, հանդերձարաններով: Քանի որ ամենամեծ մարզադպրոցներից մեկն է՝ շատ դժվար էր միանգամից շունչ տալ, քանի որ քայքայված էին բոլոր մարզասրահները: Մեզ հաջողվեց թիմային աշխատանքով հանգել այն փուլին, որ երեխաները փողոցից կտրվեն և մեծ սիրով իրենց ժամանակի մեծ մասը ծախսեն մարզադպրոցում»,- նշում է մարզադպրոցի տնօրենը:

Երևանի Շենգավիթի մարզադպրոցում 12 օլիմպիական մարզաձև է ուսուցանվում: 2021, 2022 և 2023թթ. իրականացված ու իրականացվող ծրագրերի շնորհիվ հարմարավետ պայմաններ կապահովվի 800-900 սանի համար:

--00—ՄՀ