Մենք կանգնած ենք նոր մարտահրավերների առաջ, ինչի մասին հետևողականորեն լռում է իշխանությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

հասարակական

Արդեն մոտ մեկ շաբաթ է՝ Ադրբեջանը անընդհատ սադրանքներ է իրականացնում Արցախի խաղաղ բնակավայրերի նկատմամբ, պայթեցրել է Արցախ մտնող գազատարը և ականապատել դրա շրջակայքը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ազատագրական շարժումը»:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Արցախի և Հայաստանի առաջնագծի երկայնքով թշնամին զորքերի կուտակումներ է անում՝ սպառնալով հայկական պետականության անվտանգությանը։ Դրան զուգահեռ՝ Ադրբեջանը հայտարարում է Հայաստանի հետ խաղաղության հաստատման նոր 5 նախապայմանների մասին։

Այս ամբողջ սպառնալիքների ֆոնին Հայաստանի քաղաքական իշխանությունը մատնված է անգործության, որի մեջ մենք հանցավոր միտում ենք տեսնում։ 2020-ի պատերազմի ցավոտ օրինակը աչքի առաջ ունենալով՝ Ազատագրական շարժումը իր պարտքն է համարում զգուշացնել հայ հանրությանը, որ մենք կանգնած ենք նոր մարտահրավերների առաջ, ինչի մասին հետևողականորեն լռում է իշխանությունը։

Ազատագրական շարժումը կարևոր է համարում համազգային ուժերի մոբիլիզացումը և ազգային միասնականություն ապահովելը՝ նոր կորուստներից խուսափելու և կրկին դավաճանություն թույլ չտալու համար։ Մենք հայ ազգին կոչ ենք անում թույլ չտալ հերթական գործարք թշնամու հետ, ինչը հանգեցնելու է նոր տարածքների կորստի և նոր զոհերի։

Մենք շարունակում ենք ստորագրահավաքը՝ Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով՝ հանուն ազգային միասնության և հանուն հայկական պետականության։

--00--ԿԿ