Գյուղացին չի կարողանալու անասնապահությամբ կամ դաշտավարությամբ զբաղվելով հոգալ իր ընտանիքի կարիքները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

 

տռռեգտեռգ

Խնձորեսկի գյուղապետարանի ֆբ-յան էջում կարդում ենք․

2020 թվականի սեպտեմբերի 27-ի պատերազմից հետո՝ սահմանամերձ և սահմանապահ դարձած Խնձորեսկ և Ներքին Խնձորեսկ բնակավայրերը կանգնած են գյուղատնտեսությանն առնչվող լուրջ խնդիրների և սպառնալիքների առաջ, որոնց մասին քանիցս բարձրաձայնվել է, սակայն, որևէ արձագանք երբևէ չի եղել. ձայն բարբառոյ յանապատի:

Բնակավայրերի 368՝ անասնապահությամբ զբաղվող տնտեսության համար եկամտի հիմնական աղբյուրն անասնապահությունն է, սակայն, կրճատվել են արոտավայրերը, պատերազմից ի վեր՝ անասնագլխաքանակը՝ 650 գլուխ խոշոր, 2800 գլուխ մանր եղջերավոր կենդանիներ, պակասել է և շարունակում է պակասել, առկա՝ անջուր արոտավայրեր, ձորակներ հասնելու համար չկան անցանելի ճանապարհներ, ուստի, անասնապահությամբ զբաղվելն արդեն իսկ բարդ է:

Նույնքան դժվար է դաշտավարությամբ զբաղվելը, քանզի մարդիկ, ովքեր մինչ պատերազմն ԱՀ-ի տարածքում, վարձակալության իրավունքով, ունեին հա-ներով վարելահողեր, որոնց մշակության համար ձեռք էին բերել գյուղտեխնիկա, ներկայումս չեն կարողանում դրանք օգտագործել՝ համապատասխան չափսի վարելահողեր չլինելու և ձեռք բերելու հնարավորություն չունենալու պատճառով:

Բնակչության առջև ծառացած խնդիրները բազմազան են.

Գյուղատնտեսական վարկերը մարելու համար՝ գյուղացին պետք է կարողանա իր անասունների սեզոնային արածեցումը կազմակերպել բարենպաստ պայմաններում, որը, ինչպես նշվեց, անհնար է՝ արոտավայրերի բացակայության պատճառով,

անասնակեր ձեռք բերելը գրեթե անհնար է՝ շուկայական բարձր և անտրամաբանական գների պատճառով,անասունների և գյուղմթերքի իրացումն իրականացվում է մեծ դժվարությամբ, նախ՝ գնորդի պակաս կա, իսկ առկայության դեպքում էլ՝ այնպիսի ցածր և խայտառակ գներով, որ խոսք անգամ լինել չի կարող շահույթ ստանալու մասին,

երիտասարդները, գյուղում որևէ զբաղմունք չունենալով, լքում են բնակավայրը. Պատմական՝ երբեմնի ակտիվ կենսակերպ վարող, բազմամարդ Խնձորեսկը, եթե այսպես շարունակվի, կհամալրի ծերացող և նվազող բնակավայրերի շարքը:

Այս խնդիրների մասին օրերս քննարկումներ են եղել Խնձորեսկի գյուղապետարանում՝ հովիվների և նախրապանների հետ առանձին-առանձին, որի ժամանակ, գալով այն պարզ ու ցավալի համոզմանը, որ գյուղացին իր խնդիրների հետ լրիվ մենակ է, գյուղապետ Երվանդ Մալունցի առաջարկով՝ գյուղացիները միմյանց հանդեպ պետք է ցուցաբերեն ավելի համբերատար, ընկերական վերաբերմունք և պակասեցնեն իրենց պատկանող խոշոր և մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակը, քանի որ վտանգ կա բնությունն անդառնալիորեն վնասելու, եղած արոտավայրերը ոչ պատշաճ շահագործելու, մարդկային փոխհարաբերությունների ամենօրյա սրացումների, որոնք կհանգեցնեն ավելի գլոբալ խնդիրների:

Ստեղծված իրավիճակը փաստում է, որ գյուղացին այլևս չի կարողանալու անասնապահությամբ կամ դաշտավարությամբ զբաղվելով հոգալ իր ընտանիքի կարիքները, ինչը նշանակում է, որ գյուղացուն գյուղի հետ կապող որևէ բան, բացի հայրենասիրությունից, չկա, չի մնալու, իսկ հայրենասիրությունը միայն դրա մասին խոսելը չէ. Հայրենասիրությունը թշնամուց մի քանի մետր հեռավորության վրա ստեղծելն ու արարելն է, ապրելն ու բնակավայրը՝ հայրենիքի սահմանները, շեն պահելն է:

--00--ՍԳ