Չկա ռուբլիով վճարում, չկա գազ․ մենք մտադիր չենք բարեգործությամբ զբաղվել․ Պեսկով

untitled_1.thumb_.jpg

Ռուսաստանը կհրաժարվի գազ մատակարարել եվրոպական երկրներին, եթե նրանք կապույտ վառելիքի համար չվճարեն ռուսական ռուբլիով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հանձնարարել էր մինչև մարտի 31-ը գազի արտահանման դիմաց վճարումները փոխանցել ռուբլով։

«Ես չգիտեմ, թե ինչ կլինի, երբ նրանք մերժեն այս հնարավորությունը։ Հենց իմանանք վերջնական որոշման մասին, մենք կուսումնասիրենք, թե ինչ կարելի է անել: Սակայն մենք միանշանակ մտադիր չենք այս առումով բարեգործությամբ զբաղվել, անվճար գազ ուղարկել Արեւմտյան Եվրոպա։ Չկա վճարում, չկա գազ»,- ասել է Կրեմլի խոսնակը ամերիկյան PBS հեռուստաընկերության եթերում։

Ավելի վաղ Գերմանիայի էներգետիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը հայտարարել էր, որ G7 երկրները համաձայնել են մերժել Ռուսաստանի պահանջը՝ ռուբլով վճարել էներգակիրների ներկրման համար։ Նախարարի խոսքով՝ G7 երկրները պատրաստ են ռուսական գազի մատակարարումների դադարեցման բոլոր սցենարներին։

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ ռուբլիով վճարման տարբերակը խախտում է Եվրամիության կողմից սահմանված հակառուսական սահմանափակումները։

--00—ՀԶ