Հայաստանը բարձր է գնահատում բարեկամ Ֆրանսիայի աջակցությունը մեր երկրին և ժողովրդին. Հակոբ Արշակյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

քաղաքական

Հայաստանը բարձր է գնահատում բարեկամ Ֆրանսիայի շարունակական աջակցությունը մեր երկրին ու ժողովրդին. նշել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյի հետ ապրիլի 4-ին կայացած հանդիպմանը: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ Ֆրանսիան մշտապես աջակցել է  Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը:

ԱԺ-ից հայտնում են, որ Հակոբ Արշակյանն առանձնակի ընդգծել է երկու երկրների միջպետական քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը հիշատակել է մարտի 9-ին Փարիզում կայացած Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված՝ «Հավակնություններ` Հայաստան-Ֆրանսիա» համաժողովը: Խորհրդարանի փոխնախագահի համոզմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ այդ համաժողովի անցկացումը նոր ազդակ կհաղորդի երկկողմ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը:

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներ Արուսյակ Ջուլհակյանը, Ծովինար Վարդանյանը եւ Արուսյակ Մանավազյանը մանրամասներ են ներկայացրել մեր երկրում իրականացվող ժողովրդավարական գործընթացների ու ներքաղաքական իրավիճակի մասին։

--00--ԿԿ