Ոռոգման նպատակով Սևանա լճից 2022 թ․ ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը կսահմանվի մինչև 135 մլն խմ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

sevan.jpeg

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեն Շրջակա միջավայրի նախարարություն կառավարության որոշման նախագծի առաջարկ էր ներկայացրել, որով առաջարկվում էր ոռոգման նպատակով Սևանա լճից 2022 թվականի ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանել մինչև 170.0 մլն մ3, հայտնում են նախարարությունից։

«Հաշվի առնելով շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի` ՀՀ գետերի 2022թ. գարնանային վարարումների տարրերի կանխատեսումը (նախատեսվում է Ազատի և Մարմարիկի ջրամբարի ջրալցվածությունը 100%, իսկ Ապարանի ջրամբարինը՝ 65-70%) և 2022 թվականի մայիսի 18-ի դրությամբ ջրամբարների լցվածության ծավալները (Ազատի ջրամբար՝ 56 մլն.մ3, Ապարանի ջրամբար՝ 47,3 մլն.մ3, Մարմարիկի ջրամբար՝ 18,4 մլն.մ3), ինչպես նաև այն, որ շուրջ 40 մլն.մ3 ջուր կարող են ապահովել Մխչյան 2 (Արտաշատի ջրանցքով) և Ռանչպար 2 (Ստորին Հրազդան ջրանցքով) պոմպակայանները, ինչպես նաև ոլորտային ստորաբաժանումների կողմից իրականացված վերլուծությունների արդյունքում Շրջակա միջավայրի նախարարությունը նպատակահարմար է համարել ոռոգման նպատակով Սևանա լճից 2022 թվականի ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանել մինչև 135.0 մլն.մ3 ։

1. Մխչյան 2 (Արտաշատի ջրանցքով) և Ռանչպար 2 (Ստորին Հրազդան ջրանցքով) պոմպակայաններից շուրջ 40 մլն.մ3 ջրի ապահովումը տեխնիկապես հնարավոր է, քանի որ Մխչյան 2-ում կան 6 պոմպեր 1600 լ/վրկ արտադրողականությամբ, որից 2 պոմպը միայն մեկ խողովակի մեջ մղելով 3200 լ/վրկ ջրաելք կարող են ապահովել՝ մեկ օրում շուրջ 276.5 հազ. մ3 ջուր և 120 օր աշխատելու պայմաններում կարող է ապահովվել մոտ 33.2 մլն մ3 ջուր: Իսկ Ռանչպար 2-ը երկու պոմպի աշխատեցման դեպքում մի խողովակով կունենա 1500 լ/վրկ ջրաելք՝ մեկ օրում մղելով 129.6 հազ. մ3 ջուր, ինչը 120 օր աշխատելու դեպքում կապահովի 15.5 մլն մ3 ծավալի ջուր: Արդյունքում ոռոգման ժամանակաշրջանում ընդամենը 120 օր աշխատելու դեպքում 2 պոմպակայանները միասին կարող են ապահովել 48.7 մլն. մ3 ջրածավալ (որի ջրաղբյուրները հանդիսանում են կոլեկտորա-դրենաժային ջրերը): Հաշվի առնելով այն փաստը, որ Արարատյան դաշտում մշակաբույսերի վեգետացիոն շրջանը միջինում կազմում է 210-230 օր, պոմպակայանների ընդհանուր 120 օրյա աշխատանքն իրատեսական է,

2. Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող ոռոգելի հողերից 2022 թվականի ոռոգման շրջանում, ջրօգտագործողների կողմից ներկայացված ջրապահանջի համաձայն, պայմանագրային ոռոգվելիք հողատա-րածությունների մակերեսը կազմել է շուրջ 31.2 հազ. հա, իսկ ոռոգման ջրի պահանջարկը համակարգերի գլխամասերում և Հրազդան գետի հունի լվացման (Աղբյուրակի ջրամբարից մինչև Երևանյան լիճ) նպատակով գետի հունով բացթողնվող ջրի ծավալը հաշվարկվել է շուրջ 509 մլն.մ3, սակայն 2021 թվականի ոռոգման շրջանում 31.4 հազ. հեկտարի համար ոռոգման ջրի պահանջարկը հաշվարկվել էր շուրջ 470 մլն.մ3, ինչը լրացուցիչ պարզաբանման կարիք ունի։

Սևանա լճի էկոհամակարգի անխաթարության պահպանությունը Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր առաջնահերթություններից է, ուստի, մեկ անգամ ևս նշենք, որ նախարարությունը նպատակահարմար է համարում ոռոգման նպատակով Սևանա լճից 2022 թվականի ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանել մինչև 135.0 մլն.մ3», - ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում։

--00--ՀԶ        

 

 

 

 

 

 

 

Տեսանյութեր