Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ չի կարող գործել. Երևանի արձագանքը՝ Ալիևին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

նկար

Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ կամ տրանսպորտային ուղի չի կարող գործել: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, այս մասին ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Հարց – Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, թե մայիսի 22-ին Բրյուսելում կողմերը եկել են պայմանավորվածության ՀՀ տարածքով միջանցք ստեղծելու՝ այդ թվում երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհի կառուցման շուրջ: Ի՞նչպես կմեկնաբանեք այս հայտարարությունը:

Պատասխան – Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները որեւէ փոփոխություն չեն կրել: Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ կամ տրանսպորտային ուղի չի կարող գործել: Բոլոր պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել Բրյուսելում, վերաբերվում են տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, որոնց մասին խոսել եմ նաեւ երեկ, Ձեր հարցերին ի պատասխան: Բրյուսելում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները տեղավորվում են նախկինում ՀՀ ներկայացուցիչների արած հրապարակային հայտարարությունների շրջանակում: Հանդիպման արդյունքներով ԵՄ խորհրդի նախագահի հայտարարության մեջ էլ կարող եք տեսնել, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման համատեքստում պայմանավորվածությունները վերաբերվել են սահմանային, մաքսային հսկողության, ճանապարհային վճարների գանձման, միջազգային տարանցման կազմակերպման հարցերին: Սրանք կարեւոր հարցեր են «Հայկական խաչմերուկ» նախագծի իրագործման համար եւ Հայաստանի կառավարությունը հետեւողականորեն շարժվելու է այս ուղղությամբ: 

Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Էրդողանին հեռախոսով տեղեկացրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախօրեին կայացած հանդիպման արդյունքների մասին՝ դրանք անվանելով դրական։

Ալիևը նաև տեղեկացրել է, որ բրյուսելյան հանդիպմանը կողմերը պայմանավորվել են «Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ, որը ենթադրում է և՛ երկաթուղային, և՛ ավտոմոբիլային ճանապարհների կառուցում։

--00—ԼՄ