ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 25, 24News
Էկոնոմիկայի նախարարության «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ -ում հունիսի 25-ին տեղի ունեցավ «Դաշտային օր - 2022» միջոցառումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ գիտաարտադրական ընկերության փորձամարգերում կողք-կողքի հացահատիկային մշակաբույսերի հայկական ու ռուսական սորտերն էին:
Միջոցառմանը ներկա էին հյուրեր ՌԴ «Պ․Պ․ Լուկյանենկոյի անվան հացահատիկի ազգային կենտրոն» ինստիտուտից, ՌԴ «ՖԱՏ-ԱԳՐՈ» ՍՊԸ-ից, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության (FAO) կազմակերպությունից, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից, Արցախի Հանրապետության Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունից, «Աստղիկ» բարեգործական հիմնադրամից, « Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան»-ից և այլն:
«Միջոցառումը միտված է նոր, չորադիմացկուն երաշտակայուն սերմերի ստեղծամանն ու Հայաստանում պարենային ապահովության ներդրմանը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ի տնօրեն Դավիթ Մարտիրոսյանը:
«Գյումրիի սելեկցիոն կայան»-ը դեռ անցած տարի էր համատեղ գիտական աշխատանքով զբաղվելու պայմանագիր կնքել «Պ․Պ․ Լուկյանենկոյի անվան հացահատիկի ազգային կենտրոն» ինստիտուտի հետ՝ համատեղ գիտական աշխատանքով զբաղվելու:
ՌԴ-ից ներմուծված հացահատիկի ավելի քան քսան սորտ է փորձամարգերում ներկայացված՝ հիմնականում ցրտադիմացկուն ու երաշտադիմացկուն:
«Համաձայն անցած տարի կնքված համագործակցության հուշագրի՝ Գյումրու սելեկցիոն կայանին փորձարկման է տրամադրվել փափուկ հացահատիկի 20 սորտ: Պետք է ասեմ, որ դրանք լավ են հարմարվել հայաստանյան պայմաններին և դրանցից շատերը կարող են տարածում գտնել Հայաստանում: Առաջիկայում նոր սորտեր ևս փորձարկման կուղարկվեն Հայաստան»,-նշում է ՌԴ Պ.Պ. Լուկյանենկոյի անվան հացահատիկի ազգային կենտրոնի բիոտեխնոլոգիայի բաժնի պետ, կենսաբանական գիտությունների դոկտոր Ռոմիկ Դավոյանը:
Սելեկցիոն կայանը պայմանագիր ունի նաև ՌԴ «ՖԱՏ-ԱԳՐՈ» ՍՊԸ-ի հետ, որի շրջանակում ներդրվել է կարտոֆիլի համակարգված սերմարտադրություն, որի հետ զուգահեռ սկսվել են իրականացվել սորտափորձարկումներ: Ընկերությունում նախորդ տարի սորտափորձարկման է ենթարկվել 18 նոր սորտ ևս, 12-ը փորձարկվում է այս տարի: Կարտոֆիլի սերմարտադրությունն ընկերությունում դինամիկ զարգանում է: Այդ սորտերից 6-ն արդեն ներկայացվել է պետական գրանցման
Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ նաև կլոր-սեղան քննարկում:
--00—ՀԶ