Էրդողանի ներկայացուցիչը հայտարարել է, որ Թուրքիան Հայաստանի նկատմամբ թշնամանք չի տածում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 27, 24News

1064319.jpg

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ իր երկիրը Հայաստանի նկատմամբ թշնամանք չի տածում, այդ իսկ պատճառով Անկարան սկսել է Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց։ Այս մասին փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

«Թուրքիան ունեցե՞լ է Հայաստանի հետ հավերժ թշնամանք։ Ո՛չ, մենք սկսել ենք հարաբերությունների կարգավորման գործընթաց», - ասել է նա։

Հիշեցնենք, որ Հայաստանն ու Թուրքիան նշանակել են հատուկ ներկայացուցիչներ՝ հարաբերությունների կարգավորման շուրջ գործընթաց սկսելու համար։ Հայկական կողմից հատուկ ներկայացուցիչն է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, թուրքականից՝ դիվանագետ Սերդար Քըլըչը։

Կողմերը հասցրել են երկու հանդիպում անցկացնել՝ Մոսկվայում և Վիեննայում։ Վերջին շրջանում պաշտոնական Երևանը ակնարկում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը տեղից չի շարժվում, քանի որ Թուրքիան այն պայմանավորում է Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցած պրոցեսներով։

--00—ՀԶ

 

 

 

Տեսանյութեր