Հայ-հունական ամուր եղբայրությունը ոչ ոք և ոչինչ կասկածի տակ դնել չի կարող. Միրզոյանը՝ Աթենքում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 27, 24News

ա

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով գտնվում է Հունաստանում։ Այցի ընթացքում նախարարը հյուրընկալվել է Հունաստանի ԱԳ նախարարություն, որտեղ Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ համատեղ հանդես գալով հայտարարությամբ՝ նշել է, որ Հայաստանի և Հունաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության ամրապնդման հսկայական ներուժ:

 

«Հարգելի՛ պարոն նախարար,
Իմ բարեկամ և եղբայր Նիկոս,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Նախ՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ լավ գործընկերոջը՝ Նիկոս Դենդիասին, ջերմ հյուրընկալության համար։ Ինձ համար մեծագույն պատիվ է գտնվել Աթենքում, հատկապես, երբ մենք նշում ենք Հայաստանի և Հունաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը։

Հայաստանի և Հունաստանի միջև դինամիկ զարգացող արդեն երեսնամյա միջպետական հարաբերությունները, իհարկե, առաջին հերթին, հիմնված են մեր երկու ժողովուրդների միջև հազարամյա բարեկամության, փոխօգնության և դավանած ընդհանուր արժեքների վրա։

Հայերը և հույները ապրել են կողք կողքի, պայքարել են կողք կողքի և արարել են կողք կողքի: Պատմության ոլորաններով անցած մեր համատեղ ճանապարհը կերտել է հայ-հունական մի ամուր եղբայրություն, որը ոչ ոք և ոչինչ կասկածի տակ դնել չի կարող: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ իմ հարգանքի հավաստիքը հղել Հունաստանում հայկական համայնքին և Հայաստանում հունական համայնքին և գնահատել նրանց նշանակալի ներդրումը մեր ժողովուրդների և պետությունների միջև հարաբերությունների շարունակական ամրապնդման գործում։

Այսօր գործընկերոջս հետ մանրամասն քննարկեցինք մեր երկրների միջև քաղաքական երկխոսության և բազմաոլորտ համագործակցության խորացման հեռանկարները և նախանշեցինք առևտրատնտեսական, պաշտպանական, մշակութային, գիտական և այլ ուղղություններով իրականացվելիք համատեղ աշխատանքները:

Հավատացած ենք, որ Հայաստանի և Հունաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության ամրապնդման հսկայական ներուժ: Կարծում եմ, որ ընդարձակ երկկողմ իրավապայմանագրային հենքը և հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները կնպաստեն այդ ներուժի լիարժեք օգտագործմանը։

Հարգելի՛ գործընկերներ,

Հայ-հունական հարաբերությունները զարգանում են ոչ միայն երկկողմ, այլև՝ բազմակողմ կարևոր հարթակներում: Այս առումով կցանկանայի երեք կարևոր թեմա արծարծել:

Առաջին հերթին՝ մեր քննարկումների կենտրոնում էր նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափի շրջանակներում համագործակցությունը։ Այս կարևոր նախաձեռնությունը տարածաշրջանում կայունության, անվտանգության և խաղաղության հաստատման արդյունավետ միջոց ենք համարում, և լիահույս ենք, որ համատեղ ջանքերով կկարողանանք այն ծառայեցնել մեր երեք երկրների ու ժողովուրդների կենսական շահերի առաջմղմանը: Ինչպես նախարար Դենդիասը նշեց, այս ձևաչափի առումով ունենք շատ կարևոր ու կոնկրետ պայմանավորվածություններ:

Իհարկե, արագ փոփոխվող աշխարհում գնալով ավելի է կարևորվում տրանսպորտային հաղորդակցության ծրագրերի իրականացումը, որոնք ժամանակակից տնտեսության արյունատար անոթներն են: Այս առումով կարևորում ենք «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցք ստեղծելու մասին» բազմակողմ Համաձայնագրի ստորագրումը: Կարծում եմ, որ շահագրգիռ կողմերի հետ միասին կարող ենք ավելի ինտենսիվ աշխատանքներ տանել և հաջողությամբ պսակել այս ուղղությունը ևս:
Մտքեր ենք փոխանակել նաև ՀՀ-ԵՄ գործընկերությանն ու Արևելյան գործընկերությանը վերաբերող հարցերի շուրջ: Երկուստեք ընդգծել ենք, որ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզը մեծ հնարավորություններ է ընձեռում նաև երկկողմ համագործակցության խորացման համար»,-նշել է նա։

--00—ԻԴ

Տեսանյութեր