Նախարարությունը Հայաստան-Իրան ճանապարհը փակած վարորդների համար զիջումների չի գնա

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

f6300f14020fa4_6300f14020fe4.thumb_.jpg

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը չի ընդունել բեռնատարների թույլատրելի կշիռն ավելացնելու՝ վարորդների առաջարկը, «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է գերատեսչության մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը։

Բեռնատարների վարորդները շարունակում են փակ պահել Երևան–Մեղրի ճանապարհի երթևեկելի գոտիներից մեկը, պահանջում են տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն քաշը 26 տոննայից դարձնել 28 տոննա և չեղարկել անիվային սռնիներով կշռումը։

Հարությունյանի խոսքով՝ վարորդների հետ հանդիպում է կայացել հինգշաբթի` օգոստոսի 18-ին։ Մասնակցել են փոխնախարարը, քաղաքաշինության տեսչության, տեխնիկական և հրդեհային անվտանգության ներկայացուցիչները և իրենք՝ վարորդները։

«Վարորդներին հիմնավորել են, որ սահմանված չափը՝ 26 տոննան, համապատասխանում է միազգային չափանիշներին։ Հիմնավորել են, որ դրանից ավելի քաշը էական վնաս է հասցնում ճանապարհներին։ Վարորդների ներկայացուցչին ասվել է, որ իրենց պահանջած քաշի փոփոխությունը չի լինելու»,- ասել է Հարությունյանը։

Այս պահի դրությամբ նախարարությունում նոր քննարկումներ կամ հանդիպումներ նախատեսված չեն։

--00—ԶՀ