ԱԳՆ-ը և ԱԽՔ-ը ներկա են եղել Փաշինյանի և պատգամավորների հանդիպմանը, խոսվել է խաղաղության պայմանագրից

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

2.jpg

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը տևել է վեց ժամ, աշխատանքային քննարկում էր, որին մասնակցել է նաև Անվտանգության խորհրդի քարտուղարը և արտաքին գործերի նախարարը: Այս մասին 24News-ին տեղեկացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

Նշենք, որ կիրակի օրը՝ սեպտեմբերի 4-ին, Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում հանդիպում է ունեցել պատգամավորների հետ: Մամուլում առկա տեղեկությունների համաձայն` հանդիպման ընթացքում Փաշինյանը խոսել է «խաղաղության պայմանագրի» ստորագրման անիրատեսական լինելու մասին և հանձնարարել, որ բոլորը հայտարարեն մինչեւ տարեվերջ պայմանագիրը կստորագրվի, բայց նշել է նաև, որ առկա տարաձայնությունները ոչ միայն հայ-ադրբեջանական, այլեւ Արեւմուտք-Ռուսաստան տիրույթում են, իրեն լավատեսություն չեն ներշնչում եւ «խաղաղության պայմանագիր» կոչվածը հնարավոր է առաջիկա տարիների ընթացքում կյանքի չկոչվի։

 «Վարչապետը որևէ նոր բան չի ասել, ուղղակի ներկայացրել է բրյուսելյան հանդիպման մանրամասները, հետագա անելիքներն ու վտանգները: Քննարկումներին մասնակցել են նաև նախարարները, ներքին քննարկումներ են եղել, կարծիքներ են ներկայացվել, իրենք էլ իրենց կարծիքն են հայտնել:

Կարծիք են հայտնել, որ արդյունավետ կլինի, որ մինչև տարեվերջ «խաղաղության պայմանագիր» կնքվի,- նշեց նա:
Դիտարկմանը, թե ի՞նչ վտանգների մասին է խոսվել, Խաչատրյանը նշեց, որ առանձնապես մտահոգություններ չկան, բայց ի սկզբանե վարչապետը հայտարարեց, որ այն քաղաքականությունն իրագործելու համար, որը մշակվել է ապահովվելու մեր Հայաստանի խաղաղության դարաշրջանը, պետք են ամուր նյարդեր և համբերություն, դա միակողմանի ճանապարհ չէ, կան խութեր, պետք է համբերատար հասնենք խաղաղ հանգրվանի»:

Հարցին, թե մամուլում հրապարակումներ կան, որ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև Զանգեզուրի միջանցքի խնդրի մասին, որ Հայաստանը կողմ է ճանապարհների ապաշրջափակմանը, սակայն Ադրբեջանը պնդում է, որ ոչ թե ճանապարհ, այլ միջանցք է պետք իրեն, Վիգեն Խաչատրյանը նշեց որ այդ մասին վաղուց է Ադրբեջանը խոսում և դա նորություն չէ:
«Բանակցություններում լուրջ առաջընթաց չկա, բայց հետընթաց էլ չկա, կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել մշակել խաղաղության պայմանագրի տեքստը, խոսքը երկու երկրների խաղաղ համակեցության մասին է:
 Խնդիրը բաժանվում է երկու մասի` Հայաստան-Ադրբեջան խնդիր, և Արցախի խնդիր. մենք տեսնում ենք, որ վերջին շրջանում Ադրբեջանի իշխանությունները կապի մեջ են Արցախի իշխանությունների հետ, օրինակ՝ Լաչինի միջանցքի մասով փոխադարձ քննարկումներ և պայմանավորվածություններ են եղել: Մենք տեսանք, որ Արցախի իշխանությունների ներկայացուցիչները Ադրբեջանի ներկայացուցիչների հետ համատեղ քայլում են, սա մեր ծրագրերին խոչընդոտ չէ, քանի որ Արցախը պետք է լինի բանակցային կողմ»:

Հերմինե Միքայելյան

--00—ԶՀ