Զելենսկին ցուցադրել է Կիևի հրթիռակոծման հետևանքները և հորդորել է ուկրաինացիներին չլքել ապաստարանները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News 

r
  

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցուցադրել է Կիևի կենտրոնի վրա ռուսական կողմի հրթիռային հարձակման հետևանքները։ Համապատասխան տեսանյութը նա հրապարակել է Telegram-ում։

Նրա խոսքով՝ լայնամասշտաբ պատերազմի 229-րդ օրը ռուսները փորձում են ոչնչացնել ուկրաինացիներին ու ջնջել երկիրը երկրի երեսից։

«Նրանք փորձում են ոչնչացնել մեր մարդկանց, որոնք Զապորոժիեում տանը քնած են, սպանել մարդկանց, որոնք աշխատանքի են գնում Դնեպրում և Կիևում»,- գրել է Զելենսկին։

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Ուկրաինայում շարունակվում է օդային տագնապը, կան հրթիռային հարվածներ, զոհեր և վիրավորներ։ Նա հորդորել է չլքել ապաստարանները:

Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոյի խոսքով՝ Կիևի հրթիռակոծության  ֆոնին հարյուր հազարավոր մարդիկ իջել են մետրո, որպեսզի գտնվեն ապահով վայրում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կիևում պայթյուններ են որոտացել։

«Կիևում չորս պայթյուն է լսվել, հաղորդում են նաև Կիևի մարզում հակաօդային պաշտպանության աշխատանքի մասին... Պայթյուններից հետո քաղաքում ծուխ է նկատվել»,- գրում է UNIAN գործակալությունը:

«Մայրաքաղաքի Պեչերսկի թաղամասի բնակիչները խոսում են երեք ուժեղ պայթյունի մասին, դրանք լսվել են նաև Կիևի այլ թաղամասերում»,- գրում է Strana.ua թերթը։      

 

--00—ԱՊ