Դավիթ Գալստյանը բռնություն է գործադրել Արշակ Գրիգորյանի նկատմամբ. հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

․

«Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել Ազգային Ժողովի «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Արշակ Գրիգորյանի նկատմամբ գործադրված բռնության վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև.

«Ս․թ․ նոյեմբերի 18-ին ԱՀ Ազգային ժողովի հարակից տարածքում, մասնավորապես՝ «Արմենիա» հյուրանոցի սրճարանում, ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը քաղաքական դրդապատճառներով անվայելուչ արտահայտություններ ու սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Արշակ Գրիգորյանի և «Միասնական հայրենիք» կուսակցության անդամների նկատմամբ, որի հետևանքով վերջիններս հարվածներ են հասցրել միմյանց։

Այնուհետև պատգամավոր Ա․ Գրիգորյանին զանգահարել և զրուցելու պատրվակով «Արմենիա» հյուրանոցի սրճարան է հրավիրել վերոնշյալ միջադեպի ժամանակ պատգամավոր Դ․ Գալստյանին ուղեկցող «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը։ Ա․ Գրիգորյանի և Հ․ Հակոբյանի՝ մի քանի րոպե տևած զրույցն ընդհատվել է պատգամավոր Դ․ Գալստյանի և նրան ուղեկցող մի քանի անձանց կողմից Ա․ Գրիգորյանի վրա թիկունքից հարձակմամբ։ Արդյունքում երրորդ կողմի ներգրավմամբ կանխամտածված բռնության է ենթարկվել ԱԺ պատգամավոր Ա․ Գրիգորյանը։

Հիմք ընդունելով վերոնշյալը՝ ԱԺ «Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարում է՝

- խստորեն դատապարտում ենք պատգամավոր Ա․ Գրիգորյանի նկատմամբ բռնության կիրառումը և անթույլատրելի ենք համարում քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը հատկապես պատգամավորական մանդատ կրող անձանց նախաձեռնությամբ և անմիջական մասնակցությամբ,

- պահանջում ենք Ազգային ժողովում ստեղծել էթիկայի ժամանակավոր հանձնաժողով և քննության առնել ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դ․ Գալստյանի կողմից պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ հարցը՝ արարքի համապատասխան որակմամբ,

- կոչ ենք անում իրավապահ մարմիններին ձեռնարկել բոլոր միջոցները՝ բացահայտելու պատգամավոր Ա․ Գրիգորյանի նկատմամբ բռնություն գործադրած անձանց և վերջինիս նկատմամբ իրականացնել քրեական հետապնդում՝ արարքի համապատասխան քրեաիրավական որակմամբ»:

--00--ԱՀ