Որոշ ապրանքներ ՀՀ-ում ենթակա են ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով դրոշմավորման

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

MyCollages(5)167

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ առաջիկայում կընդունվեն ՀՀ կառավարության որոշումներ, որոնցով կսահմանվեն, որ ԱՏԳ ԱԱ 2402 (ծխախոտային արտադրանք) և 2204, 2205, 2206, 2207, 2208 (ալկոհոլային արտադրանք) ծածկագրերին դասվող ապրանքները Հայաստանի Հանրապետությունում ենթակա են Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով դրոշմավորման։

Այն ենթադրում է առևտրի կետերում յուրաքանչյուր միավոր ապրանքի սքանավորումը և ՀԴՄ սարքերի միջոցով այդ տեղեկատվության փոխանցումը ՀՀ ՊԵԿ էլեկտրոնային համակարգին։ Դրոշմավորումը նախատեսվում է սահմանել պարտադիր․ 2023թ․ մարտի 1-ից՝ ԱՏԳ ԱԱ 2402 (ծխախոտային արտադրանք) ծածկագրին դասվող ապրանքների համար և 2023թ․ ապրիլի 1-ից՝ ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207, 2208 (ալկոհոլային արտադրանք)  ծածկագրերին դասվող ապրանքների համար։

ՊԵԿ-ը հիշեցնում է, որ ՀՀ-ում ծխախոտի և ալկոհոլի դրոշմավորման նոր համակարգի փորձնական ներդրման ծրագիրը մեկնարկելու նպատակով ՀՀ կառավարության կողմից ընդունվել է Հայաստանի Հանրապետությունում ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207, 2208 և 2402 ծածկագրերին դասվող ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը հաստատելու և Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր սահմանելու մասին 2022թ․ մարտի 10-ի թիվ 312-Լ որոշումը, որը ուժի մեջ է մտել 2022թ․ մարտի 13-ին։ Որոշման համաձայն, ծրագրի լիազոր մարմին է հանդիսանում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, իսկ նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր՝ «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ-ն։

Միաժամանակ, Կոմիտեն հայտնում է, որ ծրագրի կազմակերպչական հարցերով կարող եք դիմել Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորին (Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Կողբացի 83, բն․1, հեռ․ +374 10 300 300, էլ․ փոստ՝ [email protected]

--00—ՅՄ