Արմեն Դարբինյանը հեռանում է ռեկտորի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

065cd3a2-b05b-4b3e-bd4d-08f662523ce0.jpg

Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ս.թ. մայիսի 14-ին լրանում է իմ՝ որպես Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր լիազորությունների ժամկետը:

Ես դիմել էի համալսարանի համահիմնադիրներին (ՀՀ և ՌԴ կառավարություններին)` հայտնելով իմ պատրաստակամությունը վերընտրվելու ևս հինգ տարի ժամկետով և հայցելով նրանց աջակցությունը: Նման աջակցություն սակայն՝ երկու կողմերից էլ ես չստացա: Ենթադրում եմ, որ նոր աշխարհաքաղաքական իրավիճակում առաջացել են նոր խնդիրներ, որոնց լուծման համար իմ թեկնածությունը լավագույնը չէ: Այս իմաստով լիովին համաձայն եմ կողմերի հետ:

 

Իսկ սա նշանակում է մեկ բան. առաջիկայում կայանալիք ընտրություններին՝ չնայած համալսարանի ողջ անձնակազմի կողմից ինձ՝ որպես միասնական թեկնածու առաջադրման հանգամանքին, ես չեմ մասնակցելու:

Ինձ մնում է Շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության բոլոր ժամանակների կառավարություններին՝ քսանմեկուկես տարի կառուցողական ակադեմիական աշխատանք կատարելու այս հրաշալի հնարավորության համար: Արդյունքում ունենք զրոյից աճած, օբյեկտիվ չափանիշներով միջազգային վարկանիշներում Հայաստանի ԼԱՎԱԳՈՒՅՆ համալսարան ճանաչված հաստատություն:

Ուրախ, Հպարտ և Շնորհակալ եմ  բոլոր նրանց, ովքեր հավատացին իմ տեսլականին և միացան ինձ՝ կերտելու մեր հեքիաթային աշխարհը:

Ամենայն հաջողություն եմ մաղթում ներկա և ապագա համալսարանականներին. նրանք այլևս ունեն նշաձող, որին պիտի փորձեն առաջիկայում ևս համապատասխանել:

Իսկ ի՞նչ եմ մտադիր անելու ես: Չեմ բացառում մասնավոր համալսարանի ստեղծումը՝ նույն արժեքների ՝ Սիրո, Ազատության, Արդարության, Արժանապատվության, Համերաշխության, Իմացության և Անձնային աճի տիրույթում: Սա իհարկե կպահանջի սոլիդ ֆինանսական ներդրումներ, և այս իմաստով ես բաց եմ առարկայական ու հետաքրքիր առաջարկությունների համար:

 

Եղել և մնում եմ Հայի, Հասարակության և Պետության Սուվերենության և՛ զինվորը, և՛ հրամանատարը:

ԱՍՏՎԱԾ ԱՌԱՋ!!!»։
 

--00—ԶՀ