Ալիևից հրապարակավ ներողություն ենք ակնկալում․ Արմեն Դարբինյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

քաղաքական

ՀՀ նախկին վարչապետ, Հայ-սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նախագահ Սարգսյան,

Դատարկ ճառերի և իմաստազուրկ հանդիպումներ նախաձեռնելու փոխարեն՝ ահա այն տեքստը, որը դուք պիտի կարդաք պաշտոնապես՝ որպես պետության գլուխ.

Եռակողմ հայտարարության մեջ արձանագրված թեզերը չեն արտացոլում հայ ժողովրդի և Հայաստան պետության շահերը և ուրեմն՝ չեն կարող հանդիսանալ որպես Արցախի հարցի կարգավորման, կամ առավել ևս լուծման որևէ փաստարկ;

Եռակողմ հայտարարությունը մենք ընդունում ենք որպես կատարված փաստ և առավելագույնը՝ որպես պատերազմը ժամանակավորապես դադարեցնելու, իսկ դրա վերսկսումը՝ ռուս խաղաղապահների ուժով դժվարեցնելու միջոց;

Եռակողմ հայտարարությանը նախորդող և հաջորդող հրապարակային ելույթներում Ադրբեջանի նախագահը թույլ է տվել մեր պետության և երկրի ղեկավարի նկատմամբ արհամարական և վիրավորական արտահայտություններ, որոնց համար մենք նրանից հրապարակային ներողություն ենք ակնկալում: Անգամ ամենացավալի պատերազմով թելադրված հրադադարը չի կարող կայացվել հայ ժողովրդի և Հայաստան պետության արժանապատվության հաշվին: Հաջորդող պատերազմներն այս պարագայում անխուսափելի են;

Հայաստանը հետամուտ է լինելու Ադրբեջանի կողմից պատերազմում միջազգային ահաբեկչական խմբավորումների օգտագործման փաստերի բացահայտմանը, դրանք միջազգային հանրությանը ներկայացմանը և պատժի իրականացմանը;

Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմը իրականացվել է համաշխարհային համավարակի պայմաններում, ինչը հումանիտար հանցագործություն է, որի համար Ադրբեջանի ղեկավարը պիտի պատասխան տա;

Պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից օգտագործված զենքերի ցանկում արձանագրվել են այնպիսի զենքեր, որոնց կիրառումը բերել է էկոլոգիական աղետի պատերազմական ամբողջ տարածքում: Մենք անպայմանորեն հետամուտ ենք լինելու Ադրբեջանի՝ այս հանցագործության համար միջազգային դատաստանին;

Ադրբեջանի կողմից վերջին տասնամյակներում կուտակած անհամաչափ զենքի քանակը հնարավոր է եղել ապահովել Բաքու-Ջեյհան և Բաքու-Էրզրում նաֆթա- և գազա-մուղերի շինարարության և դրանց շահագործման արդյունքում ստացված գերեկամուտների շնորհիվ: Պետք է նկատել, որ հիշյալ կառույցները իրագործվել են Հայաստանի առավել քան լոյալ և հանդուրժող կեցվածքի շնորհիվ, ինչը՝ ինչպես ցույց տվեց իրողությունը, սխալ հաշվարկ էր. մեր ջենտլմենությունը որևէ մեկի կողմից չգնահատվեց, նաև՝ մենք չկիրառեցինք նաֆթամուղի և գազամուղի ոչնչացման սպառնալիքը, որի հնարավորությունը ունեինք: Եվ ուրեմն՝ նշված ենթակառուցվածքները համակարգող բիզնես-կոնսորցիումները և դրանց մասնակից միջազգային ընկերությունները պարտավոր են մտահոգվել Հայաստանին և Արցախին որոշիչ ֆինանսական օգնություն տրամադրվելու խնդրով՝ նշված կոնսորցիումներում ապահովելով Հայաստանի Հանրապետության մշտական փայաբաժին;

Եռակողմ հայտարարության մեջ անհրաժեշտ է անհապաղ ավելացնել կետ՝ հայկական պատմամշակութային ժառանգության անվերապահ պահպանման և զարգացման միջազգային պարտավորության մասին: Մինչ համապատասխան փաստաթղթի համաձայնեցումը ՅՈՒՆԵՍԿՈ-ի հետ ռուսական խաղաղապահները վերցնում են դրանք խիստ պահպանման ռեժիմի (ցանկը կցել);

Հայաստանը և հայ ժողովուրդը ընդունում են Եռակողմ հայտարարությունը որպես արձանագրված փաստ, բայց ոչ երբեք որպես իրավաբանական փաստաթուղթ: Հայ ժողովրդի և Հայաստան պետության նվազագույն պահանջն է Արցախի անկախության ճանաչումը նախկին ԼՂԻՄ սահմաններում, և մենք հասնելու ենք այդ պահանջի իրականացմանը»:

--0--ԿԿ