Ու երբեք չկրկնվի. ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ղեկավարներն ու աշխատակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ղեկավարներն ու աշխատակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհելուց հետո Բանկի արտասահմանցի ղեկավարները կիսվել են իրենց տպավորություններով` վերհիշելով անցյալի ցավալի էջերը: «Մենք այսօր այստեղ ենք մեր Խորհրդի նախագահի և արտասահմանցի գործընկերների հետ` ցավակցելու մեր ժողովրդին իր չսփոփված վերքերի համար:

Այստեղ ենք` մեր ուղերձը հղելու աշխարհի ժողովուրդներին, որպեսզի ցեղասպանություն և պատերազմներ էլ ոչ մի տեղ չկրկնվեն»,- ասել է Բանկի Վարչության նախագահ Գևորգ Թառումյանը՝ հավելելով, որ այսօր ներկա գտնվելով Ծիծեռնակաբերդի բարձունքում՝ Բանկի արտասահմանցի գործընկերները նույնպես դատապարտում են մարդկության դեմ ցանկացած ոճրագործություն և ցավակից են աշխարհասփյուռ հայությանը:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Խորհրդի նախագահ Ալֆրեդ Մոէկլին տպավորված է Հայաստանի երկարամյա, բայց, ցավոք, դժվարություններով լի պատմությամբ: Այսօր էլ հայ ժողովուրդը փորձությունների հորձանուտում է, ուստի Բանկի Խորհրդի նախագահի հիմնական ուղերձն ու մաղթանքը խաղաղությունն է:

 

--00—ԱՊ