Հիասթափությամբ ընդունեցինք․ ԱՄՆ պետդեպը՝ հայկական թռիչքների կասեցման Անկարայի որոշման մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

ամն

ԱՄՆ պետքարտուղարության իր անհանգստությունն է հայտնել հայկական ավիաընկերությունների թռիչքների թույլտվությունը կասեցնելու վերաբերյալ Թուրքիայի որոշման կապակցությամբ:

«Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, ինչը լավ կլիներ ողջ տարածաշրջանի համար։ Մենք հիասթափությամբ ի գիտություն ընդունեցինք Թուրքիայի հայտարարությունն իր տարածքով հայկական ավիաընկերությունների թռիչքների թույլտվությունը կասեցնելու մասին։ Ավելի վաղ երկրների միջև ձեռք բերված համաձայնություններն ավիահաղորդակցության վերականգնման վերաբերյալ դարձել են վստահության ամրապնդման կարևոր միջոցներ։

Մենք անկեղծորեն հույս ունենք, որ Թուրքիան և Հայաստանը կկարողանան շարունակել վերականգնել տնտեսական կապերը և բացել տրանսպորտային հաղորդակցությունը»,- «Լուրեր»-ի հարցմանն ի պատասխան նշել է ԱՄՆ պետքարտուղարությունը։

Հիշեցնենք՝ Թուրքիայի ավիացիոն իշխանություններն առանց նախօրոք տեղեկացնելու երկու անգամ չեղարկել էին Flyone Armenia ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու համար։ Ստեղծված իրավիճակի պատճառով ընկերությունը ստիպված է եղել չեղարկել Երևան-Փարիզ-Երևան ուղղությամբ չվերթը:

 

--00—ՍՊ