Շուշիում տրնգի տվող Փաշինյանը վախենում է ասել՝ Արցախն Ադրբեջանի կազմում չի կարող լինել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

Երեկ Նիկոլ Փաշինյանը խայտառակ կերպով ապացուցեց, որ հակապետական գործիչ է։ Փաշինյանը ևս մեկ անգամ ասաց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում: Նա ձևավորված ամբողջ բանակցային գործընթացը ձևախեղում է իր ամենօրյա արտահայտություններով: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Արցախը Հայաստան է, և վերջ» ասող, Շուշիում տրնգի տվող Փաշինյանը հիմա վախենում է խոսել ինքնորոշումից: Նա բանակցային գործընթացին տղայավարի է վերաբերվել, հիմա էլ վախենում է ասել, որ Արցախը ինքնորոշվել է ԽՍՀՄ-ի օրենքներով, ինչպես Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը:

Փաշինյանը երեկ փոխանակ մեր շահերը առաջ տաներ, Ադրբեջանին ու Թուրքիային էր սիրաշահում: Նա 120 հազար մեր հայրենակիցներին ասում է՝ գնացեք, ձեր հարցերը Ադրբեջանի հետ լուծեք՝ առանց ապահովելու անվտանգություն, դավաճանությունը պոզով-պոչո՞վ է լինում»,-ավելացրեց Օհանյանը: Անդրադառնալով երեկ Արցախի ԱԺ-ի կողմից արված այն հայտարարությանը, որ Փաշինյանի խոսքերը առոչինչ են, Սեյրան Օհանյանը ընդգծեց՝ Արցախի Աժ-ի հայտարարությունը ուղղված է համայն հայությանը և միջազգային հանրությանը:

«Կողմ եմ նրանց հայտարարությանը, պետք է գնահատական տալ Նիկոլ Փաշինյանի հակապետական գործողություններին: Նիկոլ Փաշինյանը կապ չունի Արցախի հետ, նա իր տղայական հայտարարություններով իրավունք չունի որոշում կայացնել Արցախի համար» , - հավելեց Սեյրան Օհանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ