Մհեր Գրիգորյանը Տյումենում մասնակցել է հայ-ռուսական բարեկամության այգու բացման արարողությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24news

vv

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը, որում ընդգրկված էին նաև Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանը, հունիսի 18-19-ին աշխատանքային այցով գտնվել է Ռուսաստանի Դաշնության Տյումենի մարզում:

Կառավարության պաշտոնական կայքի հաղորդագրության համաձայն՝ այցի ընթացքում հայկական պատվիրակությունը մասնակցել է Մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան հայ-ռուսական բարեկամության այգու բացման արարողությանը, որի շրջանակներում տեղի է ունեցել նաև Տյումենի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի եկեղեցու օծման արարողությունը: Փոխվարչապետին ներկայացվել է նաև բարեկամության այգու տարածքում տեղակայացված հայկական մշակույթի կենտրոնի նոր շենքի շինարարության ընթացքը, որը նախատեսում է նաև ներառել ԹՈՒՄՈ ստեղծարար կենտրոնի մասնաճյուղը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Տյումենի մարզի հայկական համայնքի ղեկավար Աբրահամ Հովեյանին՝ հայ-ռուսական բարեկամության այգու ստեղծման նախաձեռնության և կատարված աշխատանքի համար:

Միջոցառումից հետո կայացել է նաև Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած և Տյումենի մարզի նահանգապետ Ալեքսանդր Մոորի ու Տյումենի քաղաքապետ Ռուսլան Կուխարուկի գլխավորած պատվիրակությունների միջև հանդիպում: Հանդիպման շրջանակներում քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: 

--00—ՍՊ