Սահմանազատման հարցով Երևանի և Բաքվի հանձնաժողովների նիստը կլինի Մոսկվայում օգոստոսի 30-ին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

նկար

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների շրջանակում երկու երկրների փոխվարչապետների հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 30-ին։ 

«Հանդիպումը նախատեսված է օգոստոսի 30-ին Մոսկվայում»,- 24News-ին հայտնել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համապատասխան որոշումներ են ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին:

Հայաստանում հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, կազմում ընդգրկվել են արտաքին գործերի, պաշտպանության, արդարադատության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարների տեղակալները, Կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալները, միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը, ԱԱԾ դեպարտամենտի տեղակալը, ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը, ԶՈՒ ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետը:

Ադրբեջանում հանձնաժողովի նախագահ է նշանակվել փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, կազմում ընդգրկվել են 22 գերատեսչությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Նախիջևանի փոխվարչապետը, արտաքին գործերի փոխնախարարը, ներքին գործերի փոխնախարարը, բնապահպանության և բնական պաշարների փոխնախարարը, արդարադատության փոխնախարարը, գյուղատնտեսության փոխնախարարը, պաշտպանության փոխնախարարը, պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալը, պետական սահմանապահ ծառայության պետի տեղակալը, արտաքին հետախուզության պետի տեղակալը, ինչպես նաև Ղազախի, Աղստաֆայի, Թովուզի, Գեդաբեկի, Դաշքեսանի, Քելբաջարի, Լաչինի, Ղուբաթլուի ու Զանգիլանի շրջանների ղեկավարները։

--00—ԼՄ