էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայությունների համար կսահմանվի պետական տուրք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

1113871.jpg

Կառավարությունն առաջարկում է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայությունների համար սահմանել պետական տուրք` յուրաքանչյուր փոխադրման դեպքում, ինչպես նաև պատվերի վճարման էլեկտրոնային անդորրագրի տրամադրման պահանջ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նախարարի խոսքով՝ ներկայումս Հանրապետությունում էլեկտրոնային հարթակների միջոցով մարդատար ավտոմոբիլներով ուղևորափոխադրման ծառայությունների մատուցումը մեծ կիրառություն ունի, սակայն ոլորտն օրենսդրորեն կարգավորված չէ։

«Էլեկտրոնային հարթակներ ստեղծած կազմակերպությունները փաստացի ուղևորափոխադրման գործունեություն են ծավալում, պատվերներն են ընդունում, փոխանցում են այդ պատվերները վարորդներին, իրենց հարթակների միջոցով կարգավորում են սակագները, սահմանում են պահանջներ՝ էկոնոմ, կոմֆորտ, բիզնես դասեր։ Փաստացի այս ամենն առանց իրավական հիմքի, հարկային պարտավորությունների և վերահսկողության։

Առկա խնդիրները կարգավորելու և օրենսդրական բացերը լրացնելու նպատակով էլ այս փաթեթն է առաջարկվում քննարկել. առաջարկվում է կանոնակարգել էլեկտրոնային հարթակները ուղևորների փոխադրման պատվերներ ձևակերպող և փոխանցող կազմակերպությունների, կամ անհատ ձեռնարկատերերի գործունեությունը՝ որպես ծանուցմանը ենթակա գործունեություն: Սահմանել էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայությունների համար պետական տուրք՝ տարեկան մեկ միլիոն դրամի չափով: Լիցենզավորված մարդատար տաքսի ավտոմոբիլներով, ինչպես նաև էլեկտրոնային հարթակների միջոցով թեթև մարդատար ավտոմոբիլներով ոչ կանոնավոր յուրաքանչյուր փոխադրման համար սահմանել արտոնագիր և պետական տուրք: Սահմանել էլեկտրոնային հարթակով և ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրման դեպքում էլեկտրոնային հսկիչ-դրամարկղային մեքենայի պարտադիր կիրառություն և էլեկտրոնային անդորրագրի տրամադրման պահանջ: Սահմանել իրավախախտումների դեպքում վարչական պատասխանատվության միջոցներ»,- ասաց Սանոսյանը։

ՏԿԵ նախարարը նշեց, որ օրենքի ընդունման դեպքում կստեղծվեն հավասար մրցակցային պայմաններ թեթև ավտոմոբիլներով մարդատար ուղևորափոխադրումների և տաքսի ծառայությունների համար, ավելի թափանցիկ և վերահսկելի կդառնա էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորափոխադրման գործընթացը, ինչպես նաև կսահմանվեն հարկային պարտավորություններ, որն էլ կնպաստի պետական բյուջեի էական ավելացմանը։

«Առաջարկում ենք, որ նախագծերի փաթեթն ուժի մեջ մտնի 2024 թվականի սեպտեմբերի 1-ից, որովհետև մի շարք ենթաօրենսդրական ակտերում փոփոխություն անելու կարիք կա»,- եզրափակեց Սանոսյանը։

--00--ԶՀ