Փաշինյանի պահվածքն անլուրջ մարդուն է բնորոշ, նրա ելույթն ինքնախոստովանական էր քննիչ հանձնաժողովում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

մք

Հունիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացել էր 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով և ինչպես ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր հայտարարել՝  Փաշինյանը պատրաստվում էր սենսացիոն բացահայտումներ անել: Նիկոլ Փաշինյանի՝ հանձնաժողովում ունեցած ելույթի վերաբերյալ 24News-ը զրուցել է Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ:

-Տիկին Հակոբյան, հետևե՞լ եք հանձնաժողովի նիստին, ի՞նչ արձանագրումներ կարող ենք անել:

-Ստիպված հետևել եմ, որքան էլ դժվար լինի, ընդհանուր առմամբ, այդտեղ ասելիք չկար և մեկ նպատակ ուներ՝ հերթական անգամ մանիպուլացնելու, հերթական հիշեցումը նախկինների և ներկանների մասին։

Նպատակը` սեփական քաղաքական ամբիցիաների բավարարումն էր, արդարացումները, նաև արդարանալու նշույլներ կային իր խոսքի մեջ։

Ըստ էության, Փաշինյանը արդարանում էր, իր պատճառաբանություններն էր բերում, թե ինչու՞ չկարողացավ պահել Շուշին և այդտեղ մի բան կկարևորեմ իր ասածների մեջ, որ Արցախի Հանրապետության նախագահը, փաստորեն, բազմիցս լուր է տվել, որ լավ չէ իրավիճակը Արցախում, մասնավորապես Շուշին ընկնում է։

Փաշինյանի խոսքում ինքնախոստովանանք կար․ նրա ներկայացմամբ ԳՇ պետը, ըստ էության ստել է իրեն և չի ներկայացրել իրականությունը, թե սա որքանով է ճիշտ, կարծում եմ, իրավապահների խնդիրն է, բայց ամեն դեպքում նրա ելույթի պարզբանումը հետևյալն է՝ անլուրջ մարդու պահվածք, որը մի ամբողջ ազգի ճակատագիրը կառավարելու պարտավորություն ստանձնեց և հենց ինքը դարձավ Արցախի հանձնման և մեր հազարավոր քաջորդիների նահատակվելու պատճառը, սա էր ամենը։

-Այսինքն՝ այն, որ Ալեն Սիմոնյանն ասում էր՝ սենսացիոն բացհայտումներ են լինելու, Ձեզ համար որևէ բացահայտում չեղա՞վ։

-Որևէ սենսացիոն բացահայտում չկար, միգուցե իրենց համար սենսացիա էր, որովհետև իրենք ընդհանրապես տեղեկացված չէին պատերազմից, բայց այն, ինչի մասին խոսում էր ՀՀ վարչապետը՝ հոկտեմբերի 7,  9, 19-ը, ես հիշեցնեմ, որ մենք Արցախում էինք և այդ մի քանի վայրկյանանոց, կարճաժամկետ հրադադարները զգում էինք մեր մաշկի վրա և դրանից հետո ծավալված գործողություններն ավելի սաստիկ էին։

Ասեմ, որ պատերազմից հետո Փաշինյանը շատ է ուշացել «սենսացիոն բացահայտումների» մեջ, որովհետև կարծում եմ, այն մարդիկ, ովքեր հետևել են ողջ ընթացքին, շատ լավ կարող են համեմատականներ տանել, Արցախում բնակվողները՝  առավել ևս։ 

-Դուք նշեցիք, որ արդարանում էր Նիկոլ Փաշինյանը, սա արդյոք արդարացու՞մ էր։

-Ես արդարանալ ինչ իմաստով եմ ասում՝ իր ասելիքը հանրության տարբեր խավերի համար էր, որպեսզի յուրաքանչյուրը իր համար փորձեր իրեն հուզող հարցերի պատասխանները գտնել։ Արդարանալ այն իմաստով, որ փորձում էր իր վրայից մեղքը գցել և ասել, որ ինքը տեղեկացված չի եղել՝ իրականում ինչ է կատարվում, սա պետք է ընդունել որպես ինքնախոստովանանք և ուղղակի պետք է կալանավորել այդ անձին, որը պատերազմ է վարել, ստանձնել է գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը, որն իրեն տրված է Սահմանադրությամբ և չի կատարել իրեն վերապահված պարտավորությունները։

Նա, նորից հետ գնաց 30 տարի, փորձեց նորից համոզել, որ նախկիններն են մեղավոր։ Գիտեք, խնդիրը նրանում է, որ մեր հանրության մեծ մասը տեղյակ չէ և ճիշտ աղբյուրներից չի տեղեկանում՝ ինչ է տեղի ունեցել 30 տարի շարունակ, և ավելի հեշտ է լսել այդ անձին, որը ամեն ինչ խեղաթյուրելով է ներկայացնում և ինքն, ըստ էության, փորձում է հանրությանը համոզել, որ 30 տարի շարունակ բանակցությունները, որոնք տեղի են ունեցել, ոչինչ են եղել։

-Դուք նշեցիք, որ ելույթը հանրության տարբեր շերտերի համար էր և որ մեր հասարակությունը ճիշտ աղբյուրներից չի օգտվում, այս առումով ձեր ընդդիմադիր գործընկերներն անելիք չունե՞ն, Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված ի՞ նչ քայլեր են անում։

-Մենք ամենօրյա ռեժիմով շփվում ենք մեր հայաստանյան գործընկերների հետ և՛ խորհրդարանում ներկայացվածություն ունեցող ուժերի, և՛ թե դրանից դուրս։ Մենք չենք կարող ուղղորդել կամ քննադատել մեր գործընկերներին, իհարկե, մենք մեր ընկերական զրույցներում ասում ենք՝ ինչ կարելի է անել, ինչ՝ չէ և մեր գործընկերները ականջալուր են, շատ-շատ գործողություններ արվում են նաև համատեղ քննարկումների արդյունքում։ Մեր հանրությունն էլ ունի խնդիր այդ առումով, որովհետև նույն ընդդիմությունը, երբ փորձում է խորհրդարանում բացահայտող հարցուպատասխան անցկացնել, շատ լավ տեսնում ենք, թե ինչպես են իրենց դրսևորում իշխանական պատգամավորները, ինչի արդյունքում քննարկումները ծեծի են վերածվում և հանրությունը սկսում է մեղադրել երկու կողմերին էլ, չեն մասնակցում, էլի հանրությունը մեղադրում է, որ պիտի գնան իրենց գործառույթներն իրականացնել։

Այս առումով, իհարկե, դժվարություններ կան, բայց ես կարծում եմ, որ եթե 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում ներկա լինեին մեր ընդդիմադիր գործընկերները, ապա վերջում վերածվելու էր կրկին նախկինների և ներկաների կռվի և արդյունքում ոչինչ չէր բացահայատվելու, իսկ վերջում մեկնաբանվելու էր, որ ընդդիմադիր պատգամավորները տապալել են աշխատանքները։

-Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարում է, որ Ստեփանակերտն ու Բաքուն պիտի երկխոսեն իրար հետ, և քննիչ հանձնաժողովի աշխատանքների օրն էլ բացառություն չեղավ, ինչպես նաև՝ նշվեց, որ պատրաստ են Ադրբեջանի ժողովրդի հետ էլ գնալ երկխոսության, որովհետև համոզմունք կա՝ Ադրբեջանի ժողովուրդը խաղաղասեր է նույնքան, որքան Հայաստանի ժողովուրդը, որքան Արցախի ժողովուրդը:

-Մեզ համար գաղտնիք չէ, որ այդ անձը, երբ զավթեց իշխանությունը, ինքը չէր թաքցնում և խոսում էր, որ իր որոշումները պետք է բավարարեն և՛ Հայաստանի ու Արցախի, և՛ Ադրբեջանի ժողովուրդներին, այսինքն՝ ինքը եկել է իշխանության, որպեսզի իր բոլոր որոշումները հաճելի լինեն Ադրբեջանին։

Մենք շատ լավ հասկանում ենք, որ այն որոշումները, որոնք կարող են հաճելի լինել Ադրբեջանի ժողովրդին, չեն կարող ընկալելի լինել հայ և արցախցի ժողովրդին, որովհետև Ադրբեջանն ու Թուրքիան ունեն մեկ նպատակ՝ զավթել Արցախն ու Հայաստանը, ինչին իրենք կամաց-կամաց հասնում են։

Ինչ վերաբերում է բանակցություններին, դա շատ բարձր է ասված՝ բանակցություններ, դա նույն խոսույթն է, ինչ-որ ասում է Ադրբեջանի ղեկավարը, որ Արցախի ներկայացուցիչները պիտի երկխոսության գնան պաշտոնական Բաքվի հետ, այսինքն՝ ըստ իրենց ձևակերպման՝ Ադրբեջանի տարածքում կա մի փոքրամասնություն, որի ներկայացուցիչները պիտի իրենց իրավունքների և անվտանգության համար անմիջական երկխոսություն ունենան երկրի իշխանությունների հետ Բաքվում։ Մենք երբեք չենք խուսափել բանակցություններից, բազմիցս հայտարարել ենք, որ մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց որպես լիիրավ բանակցային կողմ, ոչ որպես ներկայացուցիչներ, այսինքն՝ եթե Ադրբեջանի նախագահ, ուրեմն՝ Արցախի նախագահ, ուրիշ ձևաչափ չի ընդունվելու երբևէ։

 

Մերի Մանուկյան

--00—ԱՊ