Կորոնավիրուսը բացասական ազդեցություն է թողել երեխաների և դեռահասների հոգեկան առողջության վրա․ ԱՀԿ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

52b06773d3c67f63c9c6f0036025451b.thumb_.jpg

Կորոնավիրուսի համավարակը ամբողջ աշխարհում զգալի ազդեցություն է թողել երեխաների և դեռահասների հոգեկան առողջության վրա, ընդ որում, բացասական ազդեցությունն ամենից շատ կրել են դպրոցների բարձր դասարանների աշակերտուհիները, նշված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի զեկույցում, որը հրապարակվել է այսօր։

Հետազոտության համար հիմք են ծառայել 2021-22 թվականներին իրականացված սոցհարցումները, որոնք հարցերի լայն շրջանակ են ներառել՝ վերաբերող մարդկանց սեռին, տարիքին, սոցիալական կարգավիճակին, ստացվող սոցիալական աջակցության տեսակներին, դպրոցների փակմանը՝ համավարակի շրջանում, որպեսզի ավելի հստակ լինի, թե այդ գործոններն ինչ ազդեցություն են թողել մարդկանց հոգեկան առողջության վրա։

«COVID-19-ը տարբերվող և ոչ միանման ազդեցություն է ունեցել երեխաների և դեռահասների, բայց հատկապես ոչ բարեկեցիկ ընտանիքների երեխաների վրա, որոնց դպրոցները երկար ժամանակ փակ են եղել և որոնք բավարար աջակցություն չեն ստացել ինչպես տանը, այնպես էլ դպրոցում»,- զեկույցն ամփոփելով՝ ասել է ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեն։

Նրա խոսքով՝ տվյալները ցույց են տալիս, որ բարձր դասարանների աշակերտուհիներն ամենից շատ են զգացել համավարակի բացասական ազդեցությունը, ինչն ազդել է նրանց հոգեկան առողջության վրա, այդ պատճառով էլ շտապ անհրաժեշտ է հոգեբանական աջակցության մեխանիզմներ մշակել՝ ինչպես դպրոցում, այնպես էլ արտադասարանային գործունեությունում կիրառելու համար։

Համաձայն ԱՀԿ զեկույցի՝ 22 երկրներում և տարածաշրջաններում 2020 թվականի հունվարից մինչև 2022 թվականի դեկտեմբերը դպրոցները փակ են եղել միջինը 138 օր, ինչը բացասական ազդեցություն է ունեցել  դեռահասների կրթության որակի վրա։

Ինչ վերաբերում է երեխաների և դեռահասների հոգեկան առողջությանը, ապա հարցվածների 30 տոկոսը նշել է համավարակի և դրանով պայմանավորված իրավիճակի խիստ բացասական ազդեցության մասին, իսկ 16 տոկոսը կյանքից անբավարարության զգացողություն է ունեցել, ընդ որում, այդ մասին ավելի շատ փաստել են աղջիկները։

ԱՀԿ-ն նշում է նաև, որ համավարակի և դրանով պայմանավորված իրավիճակի բացասական ազդեցությունը պայմանավորված չի եղել սոցիալական գործոնով, քանի որ հոգեկան առողջության վրա բացասական ազդեցություն  կրել են ինչպես սոցիալապես ապահովված, այնպես էլ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները, որոնց նույն չափի սոցիալական աջակցություն է ցուցաբերվել, ինչ իրենց հասակակիցներին, որոնք ավելի բարեկեցիկ կյանքով են ապրում։

«Սա ընդգծում է խոցելի բնակչության համար լրացուցիչ աջակցության հրատապ անհրաժեշտությունը»,- եզրակացրել է ԱՀԿ-ն։

--00—ԶՀ