Ողբերգական վթարի մասնակից «ԶԻԼ»-ի վարորդի վիճակը կայուն ծանր է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

photo_2023-08-15_14-35-5

Երեկ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով վիրավորների վիճակը շարունակում է ծանր մնալ: Մասնավորապես,  «ԶԻԼ» բեռնատար մեքենայի վարորդի վիճակը կայուն ծանր է։ Այս մասին 24News-ին պատմեցին վարորդի հարազատները:

Նրանց խոսքով, այդ օրը Հ. Պ-ն ալկոհոլի ազդեցության տակ չի եղել, զննություն է անցել, նաև նշեցին` առհասարակ ալկոհոլ չի օգտագործում:  «13-14 տարվա վարորդ է, 9 տարի էլ «ԶԻԼ» է վարում: Մերձավան քար էր տեղափոխել ու վերադառնում էր տուն: Լույսը միանգամից ընկել է աչքերին ու չի հասցրել անգամ արգելակի»,- ողբերգության իրենց տարբերակն են ներկայացրել նրանք։

«ԶԻԼ»-ի վարորդը, հարազատների պատմելով, տարբեր վնասվածքներ է ստացել` կոնքի, կրծքավանդակի, թոքի, գլխի վրա պատռվածք է ունեցել՝ կարեր են դրել:

24News-ի ոստիկանության աղբյուրների փոխանցմամբ, ծառայողական քննություն է նշանակվել այդ տարածքում պարեկային հերթապահություն իրականացնող ծառայողների նկատմամբ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ի գիշերը, Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 11 քաղաքացի, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը և «Համշեն տուրի» զբոսավարը, ծանր վիրավորել՝ 6-ը։ Տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանցից 4-ի վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր:

Ողբերգական վթարի ուղեւորները վերադառնում էին Արեւմտյան Հայաստան ուղեւորությունից։

--00—ՅՄ