Չարաշահումներ Գավառի Թու­մանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում. մեղադրվում է նաև տնօրենը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

չար

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում  ավարտվել է «ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հով­հաննես Թու­մանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱ կազմակերպությունում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված, հետագայում ՀՀ քննչական կոմիտեին փոխանցված քրեական վարույթի՝ վեց մեղադրյալի մասով նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվել և իրականացվել են մի շարք ապացուցողական և վարութային գործողություններ, որի արդյունքում հիմնավորվել է, որ «Գավառ քաղաքի Հով­հաննես Թու­մանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ նախկին տնօրենը, 2003 թվականից զբաղեցնելով հիշյալ պաշ­տոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով յուրացում կա­տա­րելու դիտավորությամբ, 2006-2020 թվականների ընթացքում, թվով 8 անձանց հրամանա­գրել է նշված դպրոցի տարբեր հաստիքներում /պահակի, հնոցապանի, հավաքարարի/ և յուրաքանչյուր ամիս շարու­նակաբար կազմել, իր ստորագրությամբ և դպրոցի կնիքով վավերացրել է պաշտո­նա­կան փաստաթուղթ հան­դիսացող, իրավաբանական նշանակության փաստեր հաստա­տող, բովանդակությամբ կեղծ աշխատաժամանակի հաշվարկի և աշխա­տա­վար­ձի վճարային տեղե­կա­գրերը, որոնցում կեղծ տեղեկություններ է ներառել՝ նշված անձանց կողմից իբր աշխատանքի պատշաճ հաճախելու և իրենց աշխա­տան­­քային պարտա­կանութ­յունները կատարելու վերաբերյալ:

Այնուհետև, բովանդակությամբ կեղծ պաշտոնական փաս­տա­թղթերն օգտագործելու նպատակով, դրանք հանձնել է իրավասու մարմնին՝ վճարման, որի արդ­յունքում նշված ժամանակահատվածում, յուրաքանչյուր ամիս, նրանց փոխարեն և նրանց անվամբ ելքագրված աշխատավարձի գումարները վատնելու եղանակով, հիշյալ անձանց օժանդակությամբ, մեկ միասնական դիտավորությամբ, հափշտակել է պե­տա­կան բյու­ջեի միջոցներից տարիների ընթացքում դուրս գրված ընդհանուր առանձնապես խո­շոր չա­փերի՝ շուրջ 14.307.433 ՀՀ դրամ:

Բացի այդ, դպրոցի տնօրենը, 2008-2019 թվականների ընթացքում իր պաշտո­նեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անձնական այլ շահա­գրգռվա­ծությունից ելնելով, դպրոցում սովորող 11 անձանց կողմից տևական ժամանակով Հայաստանի Հանրապետությունից բացակայելու և դպրոց չհաճախելու պայմաններում չի կատարել իր գործառութային պարտականությունները:

Մասնավորապես՝ օրենքով սահմանված կարգով նշված աշակերտներին դպրոցից հեռացնելու փոխարեն, դպրոցում աշակերտների թվաքանակի նվազմամբ պայմանավորված ֆինանսավորման չափը չնվազեցնելու շահադիտական դրդումներով, միասնական դիտավորությամբ, հանձնարարել է դպրոցի մանկավարժական անձնակազմին անտեսել նրանց բացակայությունները, դասամատյաններում կեղծ գրառումներ կատարել՝ վերջիններիս դպրոց հաճախելու, գնահատականներ ստանալու վերաբերյալ, որից հետո դրանց հիման վրա հետագայում կազմել և այդ անձանց է հանձնել հիմնական կամ միջնակարգ կրթության մասին պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ավար­տական վկայականներ՝ այդ կերպ հեղինակազրկելով պետական կազմակեր­պութ­յունը, խաթարելով հանրակրթության բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքները, որով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահե­րին:

Ձեռք բերված փաստերի հիման վրա դպրոցի տնօրենին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 445-րդ հոդվածի 1-ին մասով:

Եվս հինգ անձի մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեա­կան օրենս­գրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:

Քրեական վարույթով վեց մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը:

Երկու անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեա­կան օրենս­գրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և հայտարարվել հետախուզում: Մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել՝ վերջինիս մահվան հիմքով:

Պատճառված վնասը վերականգնելու իրավական երաշխիքներ ապահովելու նպատակով, վարույթն իրականցնող մարմնի որոշմամբ, դպրոցի տնօրենի անշարժ և շարժական գույքի նկատմամբ արգելանք է կիրառվել:

Վեց մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել են հսկող դատախազին:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00--ԼՀ