Բացահայտվել են COVID-19-ի դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու դեպքեր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

քո

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ  Ն. Ս.-ն, աշխատելով «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում` որպես Սպիտակի տարածաշրջանի պատասխանատու մանկաբույժ, իմունականխարգելման կաբինետի պատասխանատու բժիշկ, կատարելով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ և այդկերպ հանդիսանալով պաշտոնատար անձ, կատարել է պաշտոնեական կեղծիք: Այս մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Մասնավորապես՝ պարզվել է, որ Ն. Ս.-ն, «COVID-19» համավարակի դեմ իրենց կողմից իրականացված պատվաստումներն արձանագրելու նպատակով, նույն բուժկենտրոնի բուժքույր Հ.Ղ.-ի հետ միասին վարել են պատվաստումների գրանցման սևագիր մատյան, որից տվյալների արտագրումը Ն.Ս.-ն հանձնարարել է պատվաստման գործընթացի հետ որևէ առնչություն չունեցող այլ բուժաշխատողի: Գիտակցելով, որ սևագիր մատյանից այդ տվյալները նույնությամբ արտագրվելու են պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ Բժշկական կենտրոնի պատվաստումների գրանցամատյանում, Ն. Ս.-ն Հ. Ղ.-ի հետ նախնական համաձայնությամբ և շահադիտական դրդումով, այն է՝ յուրաքանչյուր պատվաստման համար լրավճար ստանալու ակնկալիքով, ՀՀ 3 քաղաքացու՝ Հայաստանի Հանրապետությունում չգտնվելու և երկրորդ դեղաչափով պատվաստված չլինելու պայմաններում ակնհայտ կեղծ գրառումներ են կատարել այդ մասին: Այնուհետև, Ն. Ս.-ն Հ. Ղ.-ի հետ կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթուղթը շրջանառության մեջ դնելով՝ այն հանձնել է նույն բժշկական կենտրոնի համապատասխան բաժին, որտեղ գրանցամատյանում առկա տեղեկությունների հիման վրա կազմվել և հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ և դրանք մուտքագրվել էլեկտրոնային առողջության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ: Այսպիսով՝ Ն. Ս.-ն միջնորդավորված կերպով կատարել է պաշտոնեական կեղծիք:

Վերը նշված հանցանքների կատարման համար Ն.Ս.-ին  /2 դրվագ/ և Հ.Ղ.-ին /3 դրվագ/ մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով:

Հետագայում հսկող դատախազի որոշմամբ Հ.Ղ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00--ԼՀ