ՀՀ-ն ու Կորեան պլանավորում են տնտեսական և գիտական համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

տ

Հայաստանի և Հարավային Կորեայի կառավարությունները նախատեսում են տնտեսական, արդյունաբերական, գիտական և տեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համաձայնագրին հավանություն տալու հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության նիստի օրակարգում։

Համաձայնագրին հավանություն տալու նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը և Կորեայի Հանրապետությունը ունեն երկկողմ  առևտրատնտեսական փոխգործակցության և միջպետական կապերի ամրապնդման մեծ ներուժ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական բոլոր ոլորտներում:

««Հայաստանի Հանրապետության կառավարության և Կորեայի Հանրապետության կառավարության միջև տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը հնարավորություն կստեղծի ամրապնդելու երկու պետությունների միջև տնտեսական կապերը, ընդլայնելու կազմակերպությունների՝ այդ թվում փոքր և միջին ձեռնարկությունների միջև համագործակցությունը՝ ներդրումների համար ստեղծելով բարենպաստ միջավայր։

Համաձայնագիրը հարթակ կհանդիսանա ամրապնդելու և ընդլայնելու երկու պետությունների միջև տնտեսական, արդյունաբերական, զբոսաշրջային, գյուղատնտեսական և գիտատեխնիկական համագործակցությունը, ակտիվացնելու առևտրաշրջանառությունը և խթանելու փոխգործակցությունը»,- ասված է հիմնավորման մեջ։

Համաձայնագիրը նաև հնարավորություն կտա դյուրացնել երկու երկրների հաղորդակցությունն  իրենց պետությունների պետական կառույցների միջև, և ընդլայնել կապը կազմակերպությունների, պալատների և ընկերակցությունների միջև, խթանել այցերը, շփումները, ինչպես նաև՝ կազմակերպել տոնավաճառներ, ցուցահանդեսներ, սեմինարներ և այլ միջոցառումներ՝ երկու երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Համաձայնագրով նախատեսվում է ձևավորել Տնտեսական, արդյունաբերական, գիտատեխնիկական հարցերով հայ-կորեական միջկառավարական հանձնաժողով, որի նիստերը կանցկացվեն ըստ անհրաժեշտության, սակայն ոչ պակաս, քան յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ, հաջորդաբար՝ Հայաստանի Հանրապետությունում և Կորեայի Հանրապետությունում։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00--ԼՀ