ՀՀ-ն փաստացի հետ է կանգնել Արցախի անվտանգության երաշխավորի իր բազմամյա առաքելությունից․ Շահրամանյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Screenshot_10

Հայաստանի Հանրապետությունը հետպատերազմյան իրողությունների հաշվառմամբ վերանայելով իր անվտանգային հայեցակարգը, փաստացի հետ է կանգնել Արցախի անվտանգության երաշխավորի իր բազմամյա առաքելությունից և որդեգրել է խաղաղության օրակարգ անունով մի մոտեցում, որի առանցքն է կազմում Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչելը, ներառյալ Արցախը, պայմանով, որ ապահովված լինեն արցախահայության հիմնական իրավունքներն ու ազատությունները, հայտարարել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

Ադրբեջանը, ինչպես հավելել է Սամվել Շահրամանյանը,  օգտվելով ինչպես նշված փաստից, այնպես էլ նաև միջազգային դերակատարների առարկայական քայլեր չկատարելու հանգամանքից,   խախտում է 2020 թվականի նոյեմբերի  9-ի եռակողմ հայտարարության դրույթները և մեծացնում ճնշումն Արցախի վրա՝ իր իսկ կողմից հռչակված «ինտեգրման» օրակարգը կյանքի կոչելու նպատակով:

«Միաժամանակ, Ադրբեջանը շարունակում է բոլոր միջազգային հարթակներում թմբկահարել, որ արցախյան հակամարտությունն արդեն իսկ լուծված է, Լեռնային Ղարաբաղ հասկացություն գոյություն չունի, իսկ տեղաբնակ հայերի իրավունքների և ազատությունների ապահովման խնդիրը իր երկրի ներքին հարցն է:

Դրան հակառակ, աշխարհաքաղաքական կենտրոններն առայժմ բավարարվում են միայն մտահոգությունների, հորդորների և կոչերի օրեցօր մեծացող ծավալով։ Անկատար են մնում նաև միջազգային և մարդու իրավունքների եվրոպական դատարանների որոշումների իրագործումը։ Ակնհայտ է, որ որևէ միջազգային դերակատար այս պահին շահագրգռված չէ Ադրբեջանի նկատմամբ կիրառել ազդեցության կոշտ միջոցներ»,- ասել է Սամվել Շահրամանյանը՝ հատկանշական համարելով, որ այդ պայմաններում   նույնիսկ «իրատեսական» են համարվում ինտեգրման օրակարգի շուրջ բանակցություներին Ստեփանակերտի ներգրավման հնարավորությունները:

«Այսինքն, կարող ենք արձանագրել, որ միջազգային իրավունքի շրջանակներում արցախահայության իրավունքներն ու օրինական շահերը չեն պաշտպանվում: Ըստ այդմ, ոչ իրատեսական և իրականությունից կտրված եմ համարում միջազգային իրավունքի վերաբերյալ մեր պատկերացումներն ու ակնկալիքները, քանի որ ակնհայտ է, որ միջազգային քաղաքականությունը, աշխարհաքաղաքականությունը, նույնիսկ պատերազմները չեն ծավալվում միջազգային իրավունքի շրջանակներում:
Նշվածներն Արցախի համար այլ տարբերակ չեն թողնում քան ինքնուրույն փորձել գտնել միջանկյալ, իրավիճակից բխող լուծումներ»,- ընդգծել է Արցախի նախագահը։

--00—ՅՄ