Իտալիայի նախկին վարչապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

այց

Իտալիայի նախկին վարչապետ (1996-1998, 2006-2008), Եվրահանձնաժողովի նախկին նախագահ (1999-2004) Ռոմանո Պրոդին սեպտեմբերի 14-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար

Համբարձումյանի և ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Նրանք անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Հյուրերը շրջեցին Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պարոն Ռոմանո Պրոդին գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը պատվավոր հյուրին նվիրեց Հայոց ցեղասպանության մասին գրքեր:

Այցի ավարտին պարոն Ռոմանո Պրոդին Հիշողության պուրակում ջրեց 2004 թ. իր տնկած արծաթափայլ եղևնին:

--00—ԼՀ