«Արցախբանկը» թաքցնո՞ւմ է Արցախի հայաթափման հետևանքով կրած վնասները․ ինչո՞ւ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

11a33b0d5716740e347ccbe539e29895

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախում ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով և դրան հաջորդած բանակցությունների արդյունքում հայաթափվեց Արցախը, ինչի հետևանքով նաև պարզից էլ պարզ է, որ մեծ վնասներ են կրել նաև այնտեղ գործող բանկերը։

Մասնավորապես, «Արցախբանկը», որն ամենից շատ մասնաճյուղերն ուներ Արցախում, թվով 16-ը մինչ 2020 թվականը, իսկ 2023 թվականին մնացել էր 11 մասնաճյուղ՝ 2020-ին Հադրութի, Բերձորի, Քարվաճառի, Շուշիի, Տիգրանակերտի հանձնման հետևանքով։

24News-ը դեռ մեկ ամիս առաջ հարցում էր ուղարկել «Արցախբանկ», պարզելու, թե կա՞ն արդեն արդյունքներ, թե որքա՞ն վնաս է կրել բանկը՝ Արցախի հանձնման հետևանքով։

հարցում

Հարցման մեջ ձևակերպումները եղել են հետևյալը․

«Արցախի հայաթափման հետևանքով որքա՞ն վնաս է կրել «Արցախբանկը»։ Խնդրում ենք նշել չափը ՝ հաշվի առնելով բանկի կրած ընդհանուր վնասները՝ ներառյալ Արցախում գործունեություն ծավալած մասնաճյուղերի ամբողջական կորուստները։ Հնարավոր բանկային գաղտնիք պարունակող տեղեկատվության դեպքում խնդրում ենք նշել հրապարակման ենթակա տվյալները»։

2-րդ կետով խնդրել էինք հայտնել, թե ինչպե՞ս է կարգավորվելու բանկի արցախյան մասնաճյուղերում ավանդ ունեցած քաղաքացիների ֆինանսական միջոցների հետվերադարձը կամ վճարման ընթացակարգը։

Ինչպես նաև, խնդրել էինք տեղեկություն տրամադրել՝ արցախյան մասնաճյուղերից վարկ վերցրած քաղաքացիների վճարման գործընթացներն ի՞նչ եղանակով են կարգավորվելու, այդ թվում նաև՝ գյուղատնտեսական կամ բիզնեսվարկ վերցրած քաղաքացիների վճարման հարցերը։

Սակայն «Արցախբանկը» խախտել է օրենքով սահմանված կարգով նախատեսված հնգօրյա ժամկետը և չի տրամադրել հարցման պատասխանը։ Ինչպես նաև մեր բազմաթիվ զանգեր անպատասխան թողնելուց հետո՝ երկու շաբաթ անց, երբ հաջողվեց կապ հաստատել օպերատորի հետ, խնդրեցին հարցումը նորից ուղարկել։

Մեր դիտարկմանը, թե հարցումը նորից ուղարկելուց հետո կարող են ժամկետ ձգձգել և, երբ արդեն իսկ խախտել են նախատեսված ժամկետը, օպերատորը պատասխան հայտնեց, որ ոչինչ չեն կարող անել։

Հարցումը կրկին ուղարկելուց հետո էլ մինչ օրս չենք ստացել պատասխան նամակը։ Այս ամենից մնում է ենթադրել, որ «Արցախբանկը» փորձում է թաքցնե՞լ կրած վնասները։

Նշենք նաև, որ բանկի գլխավոր էջից արդեն իսկ հեռացված են Արցախում եղած մասնաճյուղերի հասցեները։

արցախբանկ
Մերի Մանուկյան

--00—ՅՄ