ՀՀ-ն և ՌԴ-ն քննարկել են ՀՀ-ում արտադրված կաթնամթերքի մատակարարումները Ռուսաստան վերսկսելու խնդիրը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

կաթ

Դեկտեմբերի 5-ին Մոսկվայում հանդիպել են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտը։ Բանակցություններն ընթացել են Հայաստանից արտահանվող բուսասանիտարական վերահսկման բեռների Ռուսաստան ներմուծելու գործընթացում վերջին մի քանի օրերին առաջացած խնդիրների շուրջ։

Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

Արմեն Հայրապետյանը նշել է, որ հետևողականորեն իրականացվում են վերահսկողական բոլոր համալիր միջոցառումները՝ կանխելու համար խախտումներով բեռների մատակարարումը Ռուսաստան։

 

Նա երաշխավորել է արտահանվող ապրանքների բուսասանիտարական հավաստագրման առավել թափանցիկությունն ու հուսալիությունը՝ ապահովելու համար մատակարարվող արտադրանքի հետագծելիությունն ու անվտանգությունը։

Սերգեյ Դանկվերտը վստահեցրել է, որ ՌԴ գերատեսչությունը միևնույն վերաբերմունք է դրսևորում Ռուսաստան մուտք գործող ցանկացած բուսական արտադրանքի մոնիթորինգի ժամանակ և համարժեք միջոցներ է ձեռնարկում յուրաքանչյուր հայտնաբերված խախտման համար՝ անկախ ուղարկող երկրից։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայաստանում կաթնամթերք արտադրող ձեռնարկությունների արտադրանքի մատակարարումները Ռուսաստան վերսկսելու խնդիրը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ վերահսկողական միջոցառումների մասին, որոնց ճշգրիտ ժամկետները կհստակեցվեն աշխատանքային կարգով։

Կողմերը պայմանավորվել են բարելավել գերատեսչությունների միջև հաղորդակցությունը՝ ի հայտ եկած խնդիրները փորձագիտական մակարդակում հնարավորինս արագ լուծելու նպատակով:

--00—ԼՀ