Խնդիրների լուծման համար համակարգային փոփոխություններ են պետք. Արաս Օզբիլիզն այցելել է Գեղարքունիք

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

օ

 Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու, Հայաստանի ազգային հավաքականի նախկին խաղացող Արաս Օզբիլիզն այցելել է Գեղարքունիքի մարզ,  ծանոթացել մարզային ենթակառուցվածքներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայրիվանքում, Նորատուսում, Գեղարքունիքում, Լիճքում, Երանոսում, Կարմիրգյուղում և Մարտունի քաղաքում Օզբիլիզը շփվել է երեխաների, ծնողների և ուսուցիչների հետ, լսել նրանց առաջարկներն ու դժգոհությունները։

 «Մարզային ֆուտբոլում խնդիրները շատ են, և դրանց լուծման համար համակարգային փոփոխություններ են պետք։ Պատրաստ եմ միջազգային փորձը Հայաստանում կիրառել, այնպես անել, որ առաջիկա տարիներին արդյունքը տեսանելի լինի։ Այս այցերն ինձ համար շատ կարևոր են՝ հասկանալու այն խնդիրները, որոնց պատճառով մարզերում ֆուտբոլը չի զարգանում»,- նշել է ՀՖՖ նախագահի թեկնածուն։

Հայրավանք գյուղում Արաս Օզբիլիզը երեխաների հետ նաև կարճ պարապմունք է անցկացրել։ Օզբիլիզը նշել է, որ գյուղերում տաղանդավոր և աչքաբաց երեխաներ են մեծանում, և եթե համակարգված մարզումներ լինեն, առաջնություններ անցկացվեն, ֆուտբոլն այդ երեխաների առօրյայի անբաժանելի մասը կդառնա։ 

Օզբիլիզի հետ հանդիպման ժամանակ Նորատուսի բնակիչները ներկայացրել են իրավիճակը, ասել, որ մի քանի տարի առաջ շահագործված մարզադաշտը կահավորված չէ ստանդարտներին համապատասխան, ճաղավանդակներն այնքան ցածր են, որ գնդակը հաճախ սեփական տների բակեր է հասնում, ապակի կոտրում։

«Հիմնական խնդիրը կապված է ճաղավանդակների հետ։ Գնդակներն այս ու այն կողմ ուղարկելով` երեխաները հարևաններին մեծ վնաս են տալիս։ Շատ ցանկալի կլիներ այն բարձրացնեին, մյուս կողմից, եթե գյուղում մարզիչ լիներ, գուցե երեխաները ֆուտբոլում մեծ հաջողություններ ունենային»,- նշել է Նորատուսի բնակիչ Վահան Կոկոյանը։

Գեղարքունիքի մարզի ֆուտբոլային ենթակառուցվածքներ ունեցող գրեթե բոլոր գյուղերում Արաս Օզբիլիզը նույն խնդիրն է արձանագրել՝ մինի մարզադաշտերը կառուցվել են տարբեր խախտումներով, շահագործումից հետո չեն սպասարկվել, արդյունքում հայտնվել են անմխիթար վիճակում։ Մյուս կողմից՝ համակարգված մարզումների բացակայության պայմաններում երեխաները մարզադաշտերն օգտագործում են այլ նպատակներով, ֆուտբոլ էլ խաղում են սիրողական մակարդակում՝ իրենց առջև չունենալով նպատակ մասնակցելու առաջնությունների։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածուն շարունակելու է մարզային այցերը։ Հանուն ֆուտբոլային Հայաստանի, Արաս Օզբիլիզը խոստացել է ջանք ու եռանդ չխնայել․ համակարգային խնդիրներն ուսումնասիրել, առաջարկել դրանց լուծման ուղիներն ու նաև դրանով նպաստել հայկական ֆուտբոլի զարգացմանը։    

 --00--ԼՀ