Թիկնապահված, թե… ահին թիկնած. «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

 

թե

«Փաստ» օրաթերթը գրում է. «Շատերն են նկատել, որ Փաշինյանին այսուայնկողմ տեղափոխող ավտոշարասյան անցնելու համար «ճանապարհ է բացվում» առանձնահատուկ «հոգածությամբ», անվտանգության աննախադեպ միջոցառումներով: Աչքի են զարնում տեղափոխվողի կամ փոխադրվողի՝ պահպանության աշխատակիցների համար «թիվ 1» ուղևորի վախերը, եթե կուզեք՝ ահերը: Այդ վախերի արտացոլանքն են ոստիկանական պատնեշները, որ հաճախ կազմվում են հարյուրավոր համազգեստավորներից ու մի քանի տասնյակ էլ «քաղաքացիական համազգեստով» անվտանգության պահապաններից բոլոր այն վայրերի մերձակայքում, որտեղ տվյալ պահին գտնվում է «թիվ 1» ուղևորը: Դեռ չենք խոսում նույնիսկ փոքրիկ մի հանրահավաքի կամ ակցիայի մասին, որի պարագայում վերջինիս նստավայրը պարզապես ոստիկանապատվում է:

Համաձայնեք, որ դա կյանք չէ՝ ահին թիկնած: «Ժողվարչապետը»՝ ժողովրդից վախեցած: Բայց ահա թե էլ ի՛նչն է հետաքրքիր հարյուրավոր ոստիկաններից, ճաղավանդակներից ու նմանօրինակ այլ դրսևորումներից բացի, իսկ միգուցե՝ դրանցից բազմապատիկ առավել: Շատերդ նկատած կլինեք, որ Նիկոլ Փաշինյանին ամենուր ուղեկցում են մեծ թվով թիկնապահներ: Դե, «պահպանվող պաշտոնյա» է, այդպես էլ պիտի լինի, այստեղ, կարծես, արտառոց բան չկա, բացի ուղեկցող թիկնապահների մեծաքանակից: Հա, այստեղ էլ պիտի Փաշինյանի սիրելի աննախադեպ բառն օգտագործենք: Բայց «աղն» այն է, որ Փաշինյանը թիկնապահված է շրջում նաև այն դեպքերում ու այն վայրերում, երբ շուրջբոլորը... յուրայիններն են: Մեր ընթերցողների շարքերում, վստահ ենք, չկան անհույս միամիտներ, որոնք կարծեն, թե մարզային այցերի ժամանակ Նիկոլ Փաշինյանին պատահական մարդիկ են մոտենում կամ մոտեցողներին նրա «թիկնազորը» նախապես չի ստուգում, ուզում է դա տարեց տատիկ լինի, թե, օրինակ՝ տուփով հեռախոս ստացած երեխա: Նրանցից յուրաքանչյուրի անձը ուսումնասիրվում է օրեր շարունակ, ամենայն բծախնդրությամբ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 

 --00—ԱՊ