«Սերժի նման արմատները խրել էր հողի մեջ»․ զարթոնքցիները համայնքապետի թեկնածու են առաջադրել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

1
                                                           Լուսանկարում՝ Սուրեն Պողոսյանն է։

Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի բնակիչներն ընտրել են գյուղապետի իրենց թեկնածուին ու առաջարկով պատրաստվում են ներկայանալ մարզպետարան։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց գյուղի բնակիչներից Համլետ Աբովյանը։

«Ժ/Պ պետք է նշանակվի ժողովրդի ընտրյալը», - 24News-ին ասաց Համլետ Աբովյանը։

Հարցին՝ ինչո՞ւ են հենց նրան ընտրել, Համլետ Աբովյանը պատասխանեց․ «Ամեն ինչ նորմալ է, գրագետ տղա է, ամեն կողմով զարգացած է, մտածելակերպը նորմալ է, գյուղի խնդիրներից տեղյակ է։ Վարչապետն ինչպե՞ս նշանակվեց․ ժողովուրդը պահանջեց, նշանակվեց Նիկոլ Փաշինյանը։ Մենք էլ մեր  ասած մարդուն ժողովրդին ներկայացրինք, ասացին՝ խնդիր չկա։ Ամբողջ ժողովուրդը որոշել է, որ նա պետք է լինի։ Շնորհքով - հարգանքով, տեղը տեղին տղա է», - ասաց գյուղի բնակիչը։

1

Նախկին գյուղապետի դեմ բողոքի ակցիա իրականացնող բնակիչը հերքեց այն փաստը, թե Սուրեն Պողոսյանը ՀՀԿ-ական է՝ վստահեցնելով, որ նա անկուսակցական է, և  Զարթոնքի նախկին գյուղապետի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը․ «Առաջին հանրապետականը Պարույր Սարգսյանն է եղել հոգով-սրտով, մինչև հիմա էլ դուրս չի եկել»։

Հարցին՝ մարզպետարանը կընդունի՞ իրենց ընտրյալի թեկնածությունը, Զարթոնքի բնակիչն ասաց․ «Ուզի-չուզի պետք է ընդունի, ժողովրդի պահանջն է դա»։ 

Նախկին գյուղապետի դեմ բողոքի ակցիայի մասնակիցը նաև հերքեց Պարույր Սարգսյանի հայտարարությունը, թե բնակիչները 50-60 հոգով հարձակվել են իրենց վրա։ «Պարույր Սարգսյանն ու իր հարազատներն են հարձակվել մեր ընկերոջ տան վրա։

1

Տեսանյութում երևում է՝ Սարգսյանի մեքենան կանգնած է Վարդան Պողոսյանի տան դիմաց։ Վարդան Պողոսյանը վիրահատված հիվանդանոցում է, փայտով ու ռագատկաներով խփել են։ Նախկին գյուղապետը ձեռքերը փրփուրներից է գցում»։

Բնակիչը նաև նշում է, որ Պարույր Սարգսյանն իր եղբայրների հետ թալանել է գյուղը։

«Մեր գյուղում եղել է մասնակի սեփականաշնորհում։ Հողերի մի մասը բաժանել էին, մյուս մասը պահել էին իրենց ու վաճառում էին ժողովրդին։ Առևտուր էին անում։ Ժողովուրդը սեփական հողին գումար էր տալիս, որ վարձակալեր, մշակեր։ Ցանում էին, հետո աշնանը նորից հանձնում գյուղապետին։ Ունեցել ենք գործարան, ջերմոց, ֆերմաներ, 400 գլուխ եղջերավոր անասուն, ամեն ինչ նրանք յուրացրել են։ Սերժի նման արմատները խրել էր հողի մեջ, իսկ հեղափոխությունից հետո, արմատները պոկելով, հանեցինք, հեռացրինք»։ 

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին Զարթոնքի գյուղապետ Պարույր Սարգսյանը պաշտոնապես հայտարարել է իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին։ Գյուղի բնակչի խոսքով՝ այսօր ժողով են հրավիրել ու միաձայն որոշել են գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար ընտրել գյուղի բնակիչներից Սուրեն Պողոսյանին։

Շաբաթ առավոտյան գյուղում ծեծուջարդ էր սկսվել, հնչել էին կրակոցներ, միջադեպի մասնակից հինգ անձինք դիմել էին բուժօգնության։ Միջադեպից հետո քրեական գործ է հարուցվել, գյուղի բնակիչներից երկուսը ձերբակալված են։ Նրանց թվում է գյուղապետի թոռը՝ Նարեկ Մելքոնյանը։

Զարթոնք գյուղում ապրիլի 13-ին հնչած կրակոցների տեսանյութը՝ ստորև․