Արցախցի դատավորները կենսաթոշակի հարցով ՄԻՊ-ին պաշտոնական հանդիպման առաջարկով չեն դիմել․ հերքում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

photo_2024-01-26_12-43-53

«Հրապարակ» օրաթերթի` «ՄԻՊ-ը «ցրել» է և չի ընդունել արցախցի դատավորներին» վերտառությամբ հրապարակման` Մարդու իրավունքների պաշտպանին վերաբերելի հատվածը չի համապատասխանում իրականությանը:

Հունվարի 26-ին վերոնշյալ օրաթերթի նյութերից մեկում նշվել է, իբր արցախցի դատավորները դիմել են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին` հանդիպման խնդրանքով, սակայն «վերջինս չի ընդունել նրանց, թեև շատերի հետ բավականին ջերմ հարաբերություններ է ունեցել»։

Պաշտոնապես հայտարարում ենք, որ արցախցի դատավորները կենսաթոշակի հարցով անձամբ Պաշտպանին պաշտոնական հանդիպման առաջարկով երբևէ չեն դիմել: Ավելին՝ ՄԻՊ աշխատակազմ հանդիպման առաջարկի վերաբերյալ ոչ գրավոր, ոչ էլ բանավոր դիմում չի ստացվել:

Հրապարակման մեջ նաև նշվել է, որ ՄԻՊ ընտրվելուց հետո Անահիտ Մանասյանն առաջին այցելություններից մեկը կատարել է Արցախ, «որտեղ նրան շատ ջերմ ընդունելության են արժանացրել»: Հարկ ենք համարում հավելել, որ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը ստանձնելուց հետո Անահիտ Մանասյանը նման այց չի իրականացրել՝ ԼՂ մուտք գործելու անհնարինությամբ պայմանավորված: 

Մարդու իրավունքների պաշտպանն ու Պաշտպանի ներկայացուցիչներն անձամբ են գտնվել Սյունիքում` Գորիսում և Կոռնիձորում, ինչպես նաև` Վայքում, այնուհետև անընդհատ այցեր են իրականացրել և իրականացնում ու հանդիպումներ են ունենում արցախցիների հետ` փորձելով լուծումներ գտնել նրանց իրավունքներին վերաբերելի խնդիրներին։

Վերը նշվածի հաշվառմամբ՝ կոչ ենք անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելուց և հրապարակելուց։ Այդ համատեքստում լրատվամիջոցների մեր գործընկերներին կոչ ենք անում հետևել պատասխանատու լրագրության սկզբունքներին:

--00—ՅՄ