Հնդկաստանի դեսպանը ԿԳՄՍՆ-ում քննարկել է Հայաստան-Հնդկաստան մշակութային համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

d
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։ 

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է դեսպանին և ընդգծել երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու համագործակցությունը: Հայաստան-Հնդկաստան միջմշակութային երկխոսության ամրապնդման ու դրա շարունակական ընթացքի ապահովման համատեքստում Ալֆրեդ Քոչարյանը կարևորել է երկու երկրների միջև մշակութային ժառանգության ոլորտում հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը:

Անդրադառնալով մշակույթի ոլորտում համագործակցության հեռանկարներին՝ Ալֆրեդ Քոչարյանն առաջարկել է դիտարկել ինչպես Հայաստանի և Հնդկաստանի թանգարանների աշխատակիցների համար փորձի փոխանակման, վերապատրաստման, այնպես էլ մշակութային արժեքների ժամանավոր փոխանակման ծրագրերի իրականացման հնարավորությունը:

ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհային շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և Հայաստանի հետ մշակույթի ոլորտում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամություն հայտնել:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Յոգայի միջազգային օրվա շրջանակում Հայաստանում իրականացվող միջոցառումները: Նշենք՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2014 թվականին հունիսի 21-ը հռչակել է Յոգայի միջազգային օր, և Հայաստանն այն 177 երկրների թվում էր, որոնք կողմ են քվեարկել այդ որոշմանը: ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը՝ միջոցառումների անցկացման հարցում մշտապես իրենց աջակցելու և օրվա խորհուրդը կարևորելու համար:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

--00—ՍՊ