ԵԽ-ն կոչ է անում դադարեցնել նավթի ու գազի ներմուծումը Ադրբեջանից ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News

1131443

Եվրոպական խորհրդարանը փետրվարի 28-ին ընդունած ԵՄ ընդհանուր անվտանգային և պաշտպանային քաղաքականության վերաբերյալ տարեկան զեկույցում ընդգծում է Հայաստանի նկատմամբ ագրեսիայի դեպքում Ադրբեջանի դեմ նպատակային ու հասցեական պատժամիջոցների կիրառման անհրաժեշտությունը:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը Բրյուսելից, զեկույցում կոչ է արվում պատրաստ լինել նպատակային և անհատական պատժամիջոցներ կիրառել ագրեսիայի հեղինակների դեմ, բայց չսահմանափակվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քաղաքական և ռազմական շրջապատով, և դադարեցնել նավթի ու գազի ներմուծումը Ադրբեջանից՝ ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում։  Եվրախորհրդարանականներն ընդունված զեկույցով կոչ են անում ԵՄ-ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը։ Ինչպես նաեւ կասկածի տակ են դնում 2024 թվականին COP29-ը հյուրընկալելու Ադրբեջանի համապատասխանությունը, մինչդեռ երկիրը ծրագրում է հաջորդ տասնամյակի ընթացքում իր հանածո վառելիքի արտադրությունն ավելացնել մեկ երրորդով։

Խորհրդարանականների կարծիքով՝ Հարավային Կովկասում ռազմական գործողությունների վերսկսման վտանգները լուրջ անհանգստության պատճառ են հանդիսանում և ցույց են տալիս տարածաշրջանում ԵՄ ավելի ակտիվ ներգրավման անհրաժեշտությունը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ