Դատապարտյալին հանձնուք բերած կնոջ մոտ հայտնաբերվել է հերոինին նմանվող զանգվածով 180 փաթեթ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

1_3.thumb_

«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալին հանձնուք բերած կնոջ մոտից հայտնաբերվել է աննախադեպ քանակի՝ 180 հատ փաթեթ՝ հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներով

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ թմրամիջոցի ներթափանցման մասին։

Իրացնելով ստացված տեղեկությունները՝ նշված տարածքային բաժնի ծառայողները «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ ապրիլի 8-ին՝ ժամը 11։40-ի սահմաններում, զննության են ենթարկել քաղաքացուհի Ս․Ն․-ի կողմից դատապարտյալ Է․Տ․-ի անվամբ բերված հանձնուքը։

Հանձնուքում առկա սրբիչների վրա ծառայողները հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող, սպիտակ, փոշենման զանգված։

Ծագած հիմնավոր կասկածանքի հիմքով քաղաքացուհի Ս․Ն․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և ենթարկվել անձնական խուզարկության, ինչի արդյունքում կնոջ մոտ գտնվող օծանելիքի տուփից հայտնաբերվել են աննախադեպ քանակի՝ 180 հատ առանձնացված փաթեթներ, որոնցում առկա են եղել առանձնապես խոշոր չափի՝ 146,07 գրամ քաշով, հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներ։

Քաղաքացուհի Ս․Ն․-ն հայտնաբերվածների հետ միասին ներկայացվել է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ