Իսրայելին նախազգուշացվել է Ռաֆահում ռազմական գործողություն չանցկացնել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

հոր

 Եգիպտոսի, Հորդանանի և Ֆրանսիայի ղեկավարները նախազգուշացրել են Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում Իսրայելի ծրագրած ռազմական գործողության լուրջ հետևանքների մասին։

 Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսիի, Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի և Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնի համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ այդ քայլն սպառնում է տարածաշրջանային իրավիճակի սրմամբ։

«Մենք նախազգուշացնում ենք Իսրայելի՝ Ռաֆահ ներխուժման վտանգավոր հետևանքների մասին․ այնտեղ ավելի քան 1,5 միլիոն պաղեստինցի խաղաղ բնակիչներ են ապաստան գտել: Նման հարձակումը միայն կհանգեցնի շատ ավելի մահերի և տառապանքների, կմեծացնի Գազայի հատվածի բնակչության զանգվածային բռնի տեղահանման ռիսկերն ու հետևանքները, ինչպես նաև սպառնում է տարածաշրջանային էսկալացմամբ», - ասված է հայտարարության մեջ։

Աս Սիսին, Աբդալլահ Երկրորդը և Մակրոնը մտահոգություն են հայտնել Գազայի հատվածի բնակչությանը պատուհասած սովի առնչությամբ, ընդգծել են անհապաղ ​​հրադադարի հասնելու և անկլավին մատակարարվող հումանիտար օգնությունը մեծացնելու հրատապ անհրաժեշտությունը:

Ապրիլի 8-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ չի հրաժարվում Ռաֆահում ռազմական գործողություն իրականացնելու իր ծրագրերից, սակայն չէր նշել ներխուժման կոնկրետ ժամկետները:

Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների հարձակումից հետո Իսրայելում 1200 մարդ է զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածում զոհերի թիվն, ըստ տեղի իշխանությունների, հասել է 33 207-ի։

--00—ԼՀ