Իտալիայում կուժեղացվեն հակաահաբեկչական միջոցառումները Մոսկվայում իրականացված ահաբեկչությունից հետո

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

տտ

Իտալիայի ներքին գործերի նախարարությունը որոշում է ընդունել ուժեղացնել հակաահաբեկչական միջոցառումները՝ հաշվի առնելով Մոսկվայի մարզի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում իրականացված ահաբեկչությունը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից։

Համապատասխան որոշումն ընդունվել է անվտանգության հարցերով ազգային կոմիտեի նիստում։ Ենթադրվում է, որ միջոցառումները թույլ կտան ավելի արդյունավետորեն ապահովել անվտանգությունը, մասնավորապես, կաթոլիկների Զատկի տոնի ժամանակ։

«Հանդիպման մասնակիցները ուշադիր վերլուծել են Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած ահաբեկչությունը: Այդ վերլուծությունն անհրաժեշտ էր ահաբեկիչներից պաշտպանվելու՝ ավելի վաղ սահմանված միջոցները կատարելագործելու համար»,- նշել են Իտալիայի ներքին գործերի նախարարությունում:

Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին հայտնել է, որ կառավարությունը ձգտում է համաքաղաքացիներին ավելի արդյունավետորեն պաշտպանել ահաբեկչական սպառնալիքից։

«Մենք ուշադիր հետևում ենք, թե ինչ է տեղի ունենում (խմբ․՝ Ռուսաստանում) և փորձում ենք հնարավորինս լավ պաշտպանել իտալացիներին», - ասել է Տայանին տեղական ռադիոյի եթերում:

Մարտի 22-ի երեկոյան, «Պիկնիկ» խմբի համերգի սկսվելուց առաջ «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահ էին մտել զինված տղամարդիկ և կրակ բացել համերգասրահի այցելուների ու անձնակազմի վրա։ Կրակոցներին հաջորդել էին պայթյուններ ու հրդեհ։ Ըստ վերջին տվյալների` զոհվել է 137, վիրավորվել՝ 182 մարդ։ ՌԴ իշխանությունները հայտնել են 11 մարդու ձերբակալության մասին, այդ թվում՝ բոլոր չորս կասկածյալների, որոնք անմիջականորեն մասնակցել են ահաբեկչության իրագործմանը։ Նրանք Տաջիկստանի քաղաքացիներ են։

--00—ԼՀ