Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին նվիրաբերվել են վերապրածների տեսաձայնագրությունները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

dd

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ունի բավականին հարուստ գիտական ֆոնդեր և գրադարան, որոնք համալրվում են նաև անհատական նվիրատվությունների միջոցով՝ Հայաստանից և արտերկրից:



Օրերս ՀՑԹԻ-ում հյուրընկալվել էին ԵՄՔԱ-ի եվրոպական ալյանսի գործադիր տնօրեն Վարդան Համբարձումյանը, ում միջոցով ԵՄՔԱ-ի Ալբանիայի գլխավոր քարտուղար Էգլանտինա Լուլան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին էր հանձնել ալբաներեն գրքեր, բառարաներ, Հայոց ցեղասպանության վերապրածների տեսաձայնագրություններ, որոնք պատկանել են Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ Խովասար Չախմախչյանին, ով քիմիա է դասավանդել Ալբանիայի դպրոցներում և համալսարանում, իսկ այժմ թոշակառու է: Հայտնում են ինստիտուտի մամուլի ծառայությունից։

Հայոց ցեղասպանությունը վերապրածների տեսաձայնագրությունների մեկ այլ խտասկավառակ էլ ՀՑԹԻ-ին է հանձնել Սենտ-Էտիենի քաղաքապետի խորհրդական, Հայոց ցեղասպանությունը վերապրածի ժառանգ Ժան Պիեռ Կոտչյանը, ով նախորդ տարի նոյեմբերին այցելել էր Հայաստան և եղել Հայոց ցեղասպանության հուշահամալիրում:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը շնորհակալություն է հայտնում բոլոր նվիրատուներին և հույս հայտնում, որ այս համագործակցությունները օրինակ կդառնան բոլոր նրանց համար, ովքեր քաջածանոթ են իրենց արմատներին, ունեն ընտանեկան հետաքրքիր պատմություններ, հուշագրություններ, լուսանկարներ, փաստաթղթեր և այլ մասունքներ Հայոց ցեղասպանության, կամ առհասարակ Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի, Օսմանյան կայսրության որևէ հայաբնակ շրջանի մասին: Այդ մասունքները կարող են դառնալ հետագա հետազոտությունների և ցուցադրությունների անգնահատելի աղբյուր:

--00—ՍՊ